Կալիֆորնիայի խորհրդարանը 1 միլիոն դոլար է հատկացրել Ամերիկայի հայկական թանգարանին

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի գրասենյակը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը վավերացրել է 2016-2017 տարեշրջանի բյուջեն, որով 1 միլիոն դոլար կհատկացվի Գլենդելի Ամերիկայի հայկական թանգարանին և 500,000 հազար դոլար` «Լարք» երաժշտանոցին:

«Հպարտ եմ, որ հնարավոր եղավ 1 միլիոն դոլար ապահովել Ամերիկայի հայկական թանգարանի կառուցման համար: Համոզված եմ, որ դեպի Կալիֆորնիա հայերի ուղևորությունը, որը Ցեղասպանությունից դեպի բարգավաճում յուրահատուկ անցում էր, կենսական մի մասնիկն է նահանգի պատմության, հետևաբար հայկական թանգարանը ևս հոյակապ հավելում կլինի նահանգի մշակութային և պատմական կենտրոնների արդեն իսկ հարուստ հավաքածուի մեջ»,- ասել է Նազարյանը:

Ամերիկայի հայկական թանգարանի գլխավոր նպատակն է ամերիկահայերի փորձառությունը ուրիշների հետ կիսելու ճանապարհով` քաջալերել փոխադարձ ըմբռնումը և լուսարձակի տակ առնել Միացյալ Նահանգների ազգային ու մշակութային բազմազանությունը:

Ամերիկայի հայկական թանգարանը հանդիսանալու է՝

– Լոս Անջելեսում ապրող տարբեր մշակույթներ կրող քաղաքացիների միջև յուրահատուկ կամուրջ.

– Տարբեր խմբավորումների և հատկապես երիտասարդներին հետաքրքրող հավաքածուների, ցուցահանդեսների, հանրային ծրագրերի, խորհրդակցության և մշակութային համագործակցության վայր.

– Հայաստանի և ամերիկահայերի պատմությունը ազդեցիկ կերպով ներկայացնող կենտրոն.

– Հայկական մշակույթի և հավաքական ժառանգության պահպանմանը, փոխանակմանը և տարածմանը նպաստող հաստատություն:

Իսկ «Լարք» երաժշտանոցը վերջին 20 տարիներին արվեստների տարածման և դասավանդման գծով հոյակապ աշխատանք է կատարել շրջանում: Մինչ այսօր կազմակերպել է ավելի քան 300 համերգներ, հրապարակել է 30 ուսումնասիրություններ, հինգ սեղմ սկավառակներ և բազմաթիվ դասախոսական ձեռնարկներ, կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, ինչպես նաև դաստիարակել է հարյուրավոր աշակերտներ, որոնք արժանացել են տեղական, նահանգային, ազգային և միջազգային մրցանակների ու գնահատագրերի:

Scroll Up