Սիլիկոնյան հովտում մեկնարկել է ‹‹Հայաստան ՏՏ ֆորումը››
Սիլիկոնյան հովտում Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկել է ‹‹Հայաստան ՏՏ ֆորումը››, որն անցկացվում է «ԱրմԹեք»-ի շրջանակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:
‹‹Հայաստան ՏՏ ֆորումի›› ուշադրության կենտրոնում կլինեն հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:
Միջոցառման օրակարգում ներառված են մի շարք թեմաներ, ինչպես օրինակ, Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումն ու կապը համաշխարհային շուկայի հետ, մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում, կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ‹‹Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և ‹‹Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` ‹‹Մայքրոսոֆթ», ‹‹ԱյԲիԷմ», ‹‹ՊիկսԱրթ», ‹‹Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը: