Հզոր Հայաստանի ստեղծումը պետք է դառնա ազգային գաղափարախոսություն. Հրանուշ Հակոբյան

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել լիբանանահայ համայնքին Արցախյան քառօրյա պատերազմի օրերին, և ոչ միայն, Հայաստանին և Արցախին սատարելու և աջակցելու համար: Լիբանանահայ համայնքը Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող բողոքի ցույցերով, նամակներով, Արցախին օժանդակող հանգանակություններով հայրենիքի կողքին էր:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ավանդական երեք կուսակցություններին՝ ՌԱԿ, ՀՅԴ, ՍԴՀԿ, իրենց հայրենասիրական նախաձեռնությունների, Արցախյան խնդրով Լիբանանի իշխանությունների հետ հանդիպումների համար»,-«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Լիբանանում ՀՀ դեսպանության և լիբանանահայ համայնքի ազգային, հոգևոր, կրթական, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հեռակոնֆերանսի ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում Սփյուռքի նախարարը կարևորել է նաև ապրիլյան օրերին հայ ժողովրդի միասնականությունը:
«Այդ օրերին հայ ժողովուրդը մեկ բռունք էր դարձել: Մեր միասնականության շնորհիվ աշխարհը տեսավ, որ Արցախն իր թիկունքին ունի Հայաստան և Սփյուռք: Մենք պետք է համախմբվածության, միասնականության, կազմակերպվածության, միմյանց օգնելու, բարձրացնելու ոգևորության ալիքը շարունակական դարձնենք»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով լիբանանահայ համայնքի խնդիրներին՝ նախարարը ընդգծել է համախմբվածությունը, կազմակերպվածությունը, համայնքային ձեռնարկների նախաձեռնումն ու համայնք-հայրենիք կապերի ամրապնդումը:
«Ժամանակն է մի կողմ թողնել ներքին տարաձայնությունները և համախմբվել համահայկական խնդիրների շուրջ: Մեր ժողովրդի առջև այսօր ծառացած են հարցեր, որոնք շատ արագ լուծում են պահանջում: Մենք ունենք չլուծված խնդիրներ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարց, ԼՂՀ հիմնախնդիր, շրջափակում, փակ սահմաններ, աղքատություն, արտագաղթ: Այս հարցերն են, որ միասնաբար լուծման կարիք ունեն: Պետք է հիշել, որ միայն հզոր Հայստանը կարող է լուծել այս բոլոր խնդիրները: Հայաստանի հզորացումը բոլոր հայերի խնդիրն է: Հզոր Հայաստանի ստեղծումը պետք է դառնա ազգային գաղափարախոսություն: Հզոր Հայաստանի շուրջ է, որ մենք պետք է միավորվենք»,-ընդգծել է Հրանուշ Հակոբյանը :