Սոֆիայի հայ երեխաներն իրենց նկարները կուղարկեն Սփյուռքի նախարարություն

Հունիսի 4-ին 3-15 տարեկան ավելի քան 25 հայ երեխաներ հավաքվել էին Սոֆիայի Հայ ազգային տանը, ներկայացնելու համար իրենց նկարչական տաղանդը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Բուլղարիայի հայոց թեմից:

Բուլղարիայում ՀՀ դեսպանատան առաջարկով, Հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր այս միջոցառումը, որին աջակցել էին Սոֆիայի հայկական կառույցները:

Հոգեշնորհ Հայր Սուրբը երեխներին ներկայացրեց մի քանի հետաքրքիր հայկական զրույցներ ու ավանդապատումներ` պատկերազարդ նկարներով, որոնց հիման վրա երեխաները հնարավորություն ունեցան պատկերագրելու իրենց երևակայությունը: Այդպես ճերմակ թղթերի վրա հայտնվեցին գույնզգույն պատկերներ, որոնք հավաքվեցին, որպեսզի ուղարկվեն Հայաստան:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը պատրաստում է մանկական նկարների բացառիկ հավաքածու «Ճանաչել զիմաստություն» խորագրի ներքո: Բուլղարահայ մանուկները հույս ունեն, որ իրենց նկարները ևս տեղ կգտնեն այդ հավաքածուի մեջ:

1 2 3 4 5

Scroll Up