Վրաստանի Խորհրդարանին կրկին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը

Հունիսի 8-ին Վրաստանի Խորհրդարանի պլենար նիստի ընթացքում պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շնորհակություն է հայտնում Գերմանիայի Բունդեսթագին Հայ ժողովրդի Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու համար, ինչպես նաև կոչ է անում դեռևս Ցեղասպանության փաստը չճանաչած և չդատապարտած երկրներին հետևել Գերմանիայի և այլ քաղաքակիրթ երկրների օրինակին։ Այս մասին <Հայերն այսօր>-ին հայտնում են Վրաստանի հայ համայնքից:
Հարկ է նշել, որ ի տարբերություն Վրաստանի Խորհրդարանում հայ ժողովրդի Ցեղասպանության մասին խոսելու նախկին փորձերին՝ այս անգամ օրենսդիր մարմնում չի գրանցվել որևէ դեպք-կոնֆլիկտ՝ կապված Ցեղասպանության փաստը ճանաչելու և դատապարտելու կոչի հետ։
Ներկայացնում ենք Սամվել Պետրոսյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ․
«Հարգելի´ գոծընկերներ,
Ընթացիկ տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց և դատապարտեց հայերի Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում։
Այս բարձր հարթակից ուզում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Բունդեսթագին և ողջ գերմանացի ժողովրդին հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերին օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու և պատմական արդարությունը վերականգնելու համար։
Նաև ցանկանում եմ կոչ անել բոլոր ժողովրդավարական երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը, հետևել Գերմանիայի և այլ երկրների օրինակին՝ ճանաչել և դատապարտել հայերի Ցեղասպանությունը։ Դրանով իսկ կանխել այլ ժողովուրդների հանդեպ նմանատիպ հանցագործության կրկնությունը։
Շնորհակալություն»։