Ալաշան. ժամանակավոր կացարաններ` թալիշցիների համար

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրը խորհրդային տարիներին, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի ու կլիմայական բարեխառն պայմանների` որպես առողջարան է ծառայել, իսկ հետպատերազմյան տարիներին` զինվորական հոսպիտալի կարգավիճակ է ստացել:
Ալաշանն այսուհետ ժամանակավոր բնակավայր է ծառայելու ապրիլյան առաջին օրերին Թալիշից տարհանված 27 ընտանիքի համար: Այժմ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում: Որպես ժամանակավոր կացարաններ վերանորոգվում են տարածքում առկա շենքերը, շինություններն ու առանձնատները` բոլոր ենթակառուցվածքներով: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից:
Ալաշանը գտնվում է Մարտակերտի շրջանի Դրմբոն և Մեհմանա գյուղերի հարևանությամբ, Արցախի մայր ջրամբարի` Սարսանգի հարակից գոտում: Թալիշի համեմատությամբ, այստեղ անվտանգ է, սահմանից բավականաչափ հեռու:
Տարածքը հարթավայրային է: Գյուղատնտեսության, այդ թվում հողագործության, անասնապահության և մեղվաբուծության համար այստեղ կան բոլոր նախապայմանները: Ալաշանը նաև ջրային հարուստ պաշարներ ունի: Շինարարությունն իրականացվում է Պետական բյուջեի միջոցների հաշվին: Շինարարության ընթացքում օգտագործվում են նաև բարեգործական հիմունքներով ՀՀ-ից և ՌԴ հայկական համայնքներից Արցախ հասցված շինանյութերը: