Արցախյան ղողանջներ. Արցախն իմ աստղն է և այն աշխարհը, որտեղ կուզեի ապրել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/արցախցի.jpg)
Այս հարցը, թե որտեղ կցանկանային ապրել, օրեր առաջ ուղղել էի ավագ դասարաններում սովորողներին: Ընդամենը հատուկենտ աշակերտներ նախապատվությունը տվել էին այլ երկրների, մեծամասնությունը ամուր սիրով ու հավատով, մտքով ու հոգով կառչած էին հայրենի հողին: Իմ բանավոր հարցումից հետո նրանց գրավոր շարադրանքներում անսահման սեր տեսա հայրենիքի հանդեպ, բայց նաև որոշ աշակերտների մոտ` հոգու երկվություն:
Անդրյան Անգելինա, 11-րդ դասարան: Անչափ հմայիչ մի գեղեցկություն, ժպտերես մի ծաղկած գարուն, ում շարադրանքի տողերում մի անհանգիստ զգացողություն սողոսկեց սիրտս, թվաց նա պիտի «դավաճաներ» իր սկզբունքներին, բայց ո՛չ, մի ներքին ձայն փորձում էր համոզել ինձ, որ հայրենիքն անսասան է, ու նա հավատարիմ կլինի արյունով հեղված այս սուրբ հողին:
«Միշտ էլ իմ բաղձալի երազանքն է եղել ապրել Ռուսաստանի Դաշնությունում: Կարծում եմ` ոմանք կսկսեն քարկոծել ինձ, սակայն երազանքս արդարացում ունի: Ես ծնվել եմ հենց այնտեղ: Երևի այդ պատճառով էլ կարոտով լցված սիրտս ու միտքս ինձ այդքան ձգում են դեպի ծննդավայրս: Կուզեի ապրել այնպիսի երկրում, որտեղ չկա պատերազմի սպառնալիք, որտեղ կարելի է հանգիստ ու խաղաղ ապրել: Արցախում «խաղաղություն» ասվածը սահմանային փոքրպատերազմների միջև ընկած կարճատև ժամանակահատվածն է: Որքա~ն կցանկանայի կարողանալ ապրել այնտեղ` իմ ծննդավայրում, որտեղ խաղաղ է երկինքը: Բայց միայն Արցախում ապրած մանկությանս տարիներն ու հասունացած հոգիս են ինձ հետ պահում,այս տասնվեց տարիների ընթացքում Արցախն ինձ համար հարազատ տուն է դարձել: Հաճախակի եմ հիշում հոգուս հարազատ դարձած սահյանական տողերը. «Ախր ուրիշ տեղ ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա….»:
Ասում են նաև, որ շատերին են հարցրել, թե որտեղ կցանկանային ապրել, տարբեր կարծիքներ են եղել, բայց իմ համարշատ հաճելի էր և հուզիչ այս պատասխանը. «Կուզեի ապրել երկրի ամենաբարձր կետում, որպեսզի մոտ լինեմ աստղերին: Բայց չէ՞ որ այնտեղ շատ ցուրտ է, չես էլ հասցնի աչքդ թարթել, հոգիդ իր ոտքով կհասնի աստղերին: Ավելի լավ է ապրել տաք տեղ, կողքիդ էլ աստղ պահել…»:
Որտեղ էլ լինեմ, գիտեմ, որ Արցախն իմ աստղն է, առանց որի ապրել չեմ կարող, և ուր էլ գնամ, կհասկանամ, որ «Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, էս գորշ խրճիթն է, Էս հին խրճիթն է, գետի եզերքին, Ծառերի տակին», ու կշարունակեմ ապրել իմ հայրենի հողում՝ ականջս սահմանային կրակոցների ձայնին, հոգիս` տագնապով լեցուն»:
Նատաշա Պողոսյան,
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի