Բացվեց «Արարատը հայի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/Ararat.png)
Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների և «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ Թեքեյան կենտրոնում բացվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Արարատը հայի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը, որին իրենց աշխատանքներն են ներկայացրել Հայաստանի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի հայ լուսանկարիչները:
Բացելով ցուցահանդեսը՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ ցուցադրության բացմանն աջակցելու համար: Նա նշեց, որ միջոցառման նպատակն է համախմբել հայ արվեստագետներին Երևանում, ճանաչելի դարձնել ժամանակակից լուսանկարչությունն ու հեղինակներին, ինչպես նաև ներկայացնել մեր ազգի խորհրդանիշ Արարատ լեռը հայ արվեստագետների ամենատարբեր ընկալումներով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար և Երևանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը: Նա ընդգծեց, որ ցուցահանդեսը կկազմակերպվի նաև աշնանը Արցախում: Ծրագրեր կան այլ երկրներում ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ: