Դհոքի հայ համայնքը նշել է Մայիսի 28-ը

Դհոքի հայ համայնքը այնպես, ինչպես համայն հայությունն ամբողջ աշխարհում, իր փոքրիկ ներդրումը ունեցավ մայիսյան տոնակատարություններին: Մայիսի 28-ին Իրաքում Դհոքի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցու սրահում տեղի ունեցավ Մայիսի 28-ի սուրբ հաղթանակին նվիրված միջոցառում, որը հագեցած էր հայրենասիրական երգերով, ազգային պարերով և ասմունքով: Այս մասին Դհոքից «Հայերն այսօրին» հայտնում է Այգ Պետրոսյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր պրն. Ռուբեն Սադոյանը, Քուրդիստանի խորհրդարանի անդամ պրն. Երվանդ Ամինյանը և մի շարք այլ հայ և եզդի հյուրեր:
Երեկույթի ավարտին Դհոքի հայ համայնքի հոգևոր հովիվ տեր Մասիս քհն. Շահինյանը Դհոքի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցին խորհրդանշող հուշանվեր մատուցեց պրն. Ռուբեն Սադոյանին:
Տեր Մասիս քհն. Շահինյանը իր փակման ելույթում մատնանշեց այն փաստը, որ Դհոքահայության մեծամասնությունը հայախոս չէ, սակայն հոգով հայ է:
«Փորձում ենք մշտապես հայոց լեզվի և կրոնի դասընթանցներ կազմակերպել, որոնց միջոցով մեզ հաջողվում է ավելի խորը սերմանել հայի ոգին և մտածելակերպը մեր մանուկների մեջ»,-նշել էԴհոքի հայ համայնքի հոգևոր հովիվը: