«Ամեն այցելությունից հետո՝ ավելի ու ավելի եմ սիրում Հայաստանը».Դանիել Դեքեր

Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պուերտոռիկացի երգիչ Դանիել Դեքերին, ով հայտնի է Հայաստանի և հայերի հանդեպ ունեցած իր յուրահատուկ սիրով ու համակրանքով, և մասնավորապես, Արա Գևորգյանի «Ադանա» երգի բարձրարվեստ կատարումով, որով նա բազմիցս հանդես է եկել Հայաստանում և արտերկրում:

 Ողջունելով երգչին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հետաքրքրվեց նրա  ստեղծագործական ծրագրերով և հայաստանյան այցի նպատակներով:

 «Ամեն այցելությունից հետո՝ ավելի ու ավելի եմ սիրում Հայաստանը »,- անկեղծորեն պատասխանեց Դանիել Դեքերը՝ հավելելով, որ ցանկություն ունի շարունակելու իր ստեղծագործական ծրագրերը հայ երգիչների և ստեղծագործողների համագործակցությամբ: Նա նախարարին տեղեկացրեց, որ 2010 թվականին թողարկած «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը մեծ հաջողություն է ունեցել ունկնդիրների մոտ և ներկայումս նախապատրաստվում է իրականցնել հայկական երգերի նոր ձայնագրություններ՝  հանդես գալով Շուշան Պետրոսյանի, Լեյլա Սարիբեկանի և հայկական կատարողական արվեստի այլ ներկայացուցիչների հետ:  Երգիչը շեշտեց, որ այդ կերպ փորձում է իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին և լայն հասարակայնությանը ծանոթացնել նրա մշակույթին ու պատմությանը, ինչպես նաև հայությանը հուզող խնդիրներին:

 Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Դանիել Դեքերին իր անկեղծ նվիրումի համար՝ ընդգծելով, որ ներկա փուլում, երբ ադրբեջանական պաշտոնական շրջանակներն ակնհայտ հակահայկական քարոզչություն են տանում և ատելություն սերմանում, կարևոր է մշակույթի միջոցով հայ ժողովրդի իրական որակները բացահայտելը:

 Զրույցի ընթացքում քննարկվեցին երգչի ստեղծագործական ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Scroll Up