Մոսկվայի «Հայորդյաց տան» կրտսեր դասարանի սաները ներկայացել են այբբենարանի հանդեսներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/1217.jpg)
Մայիսի 22-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» կրտսեր տարիքի առաջին դասարանի սաները ներկայացան այբբենարանի հանդեսներով։ Ջեմմա Կիրակոսյանի, Նելլի Մելքոնյանի և Արմինե Իջյանի սաները ներկայացրեցին, թե ինչ է իրենց համար հայոց այբուբենը և թե ինչեր սովորեցին «Հայորդյաց տանն» ուսումնառության մեկ տարվա ընթացքում։ Արդեն իսկ ծանոթացած Մեսրոպ Մաշտոցի գործին և ավանդին, սերտած հայ գրերի անցած ուղու պատմությունը և բեմում ներկայացնելով այն դժվարություններն ու զրկանքները, որոնց գնով պահպանվել է հայոց այբուբենը ՝ գրաճանաչ սաները խոստացան հայերենի իրենց գիտելիքներն ամրապնդել ողջ կյանքի համար։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:
Այբբենարանի հանդեսներով ներկայացած դասարանները 2015-2016 ուսումնական տարում կազմված տասնմեկ դասարաններից երեքն էին միայն, որտեղ ուսանում էին 6-18 տարեկան սաներ։ Այս ուսումնական տարին «Հայորդյաց տան» համար հիշարժանէր ոչ միայն հոբելյանական՝ հիմնադրման տասներորդը լինելով, այլև ընդունելության դիմածների աննախադեպ հոսքով։Նրանցից 450-ը դարձան «Հայորդյաց տան» սան, իսկ 100-ը սպասում են ընդունելության իրենց հերթին;
Այբբենարանի հանդեսների ավարտին «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ուսուցչուհիներին՝ ներդրած ջանքերի և ակնհայտ արդյունքի համար։
«Եթե մենք մեկ տարվա աշխատանքից հետո նման արդյունք ենք տեսնում, ապա միայն բերկրանքով կարելի է մտածել, թե տարիներ հետո ինչ հաջողություններ կգրանցեն այս սաները։ Սեպտեմբերին ընդունվածների և մայիսին այբբենարանի հանդեսին ներկայացածների թվով է որոշվում ուսուցչուհու կատարած աշխատանքի որակն ու արդյունքը, որը պարզապես ապշեցնող է։ Դրա համար շնորհակալություն այսօր միջոցառումներով ներկայացած ուսուցչուհիներին՝ Արմինե Իջյանին, Նելլի Մելքոնյանին և Ջեմմա Կիրակոսյանին, ովքեր մեր աշխատանքային մեծ փորձով մանկավարժներն են և կարողնում են դասարանը դարձնել միասնական ընտանիք, որտեղից ոչ մեկ չի ցանկանում հեռանալ։ Օրինակ տիկին Իջյանի դասարան ընդունվել է ավելի քան 40 աշակերտ և այսօր նույնքան մարդ բեմում է։ Մեր խորին շնորհակալությունը մեր սիրելի Սրբազանին՝ թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, ում ջանքերի ու նվիրումի շնորհիվ կրթօջախը որևէ բանի կարիք չունի»,- նշեց Հմայակ Գևորգյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ծնողներին՝ երեխաներին հայկականությանը հաղորդակից դարձնելու համար և հորդորեց տանը ևս խոսել հայերեն, քանի որ հայերենը կորցրած մարդը դադարում է հայ լինել։
Տառաճանաչ դարձած սաները ստացան դպրոցի տարբերանշանով կրծքանշաններ, տետրեր և գրիչներ՝ ամառային ամիսների ընթացքում հայերենի գիտելիքներն ամրապնդելու համար։
«Հայորդյաց տան» երեք սաների մայր Հռիփսիմե Պողոսյանը, մեր այն հարցին, թե ինչ տպավորություններով են փակում ուսումնառության առաջին տարին՝ պատասխանեց․ «Իմ չորս երեխաներից երեքը սովորում են «Հայորդյաց տանը»․չորրորդը դեռ փոքր է։ Աղջիկս սովորում է Երանուհի Ղազարյանի դասարանում, տղաներիցս մեկը Սիլվա Գյուլիշյանի սանն է, մյուսը՝ Արմինե Իջյանի։ Մենք բավական առաջադիմություն ունենք հատկապես տղաներիս մոտ, քանի որ աղջիկս գրաճանաչ է եկել դպրոց։ Ուսուցիչներըյուրովի են աշխատել և շատ գոհ եմ իրենցկազմակերպված աշխատաոճից և արդյունքից։Բոլորը վաստակավոր ուսուցիչներ են, խիստ են և պահանջկոտ, դրա համար արդյունքը երևում է»։
Ջեմմա Կիրակոսյանի դասարանի ծնողներից Ամալյա Զազյանն էլ ասաց․ «Շնորհակալ եմ բոլորին, որ մեր բալիկներին հայկական մշակույթին, լեզվին ծանոթանալու հնարավորություն են տվել։ Աղջիկս՝ Դիանան, Ջեմմա Կիրակոսյանի շնորհիվարդեն կարդում է հայերեն։ Շատհաճելի է, որ դպրոցը նաև կրոնական գիտելիքներ է տալիս․ մինչ մեր զավակները հայերեն են սովորում, ծնողներով քրիստոնեական գիտելիքներ ենք ստանում Աշոտ Ավետիսյանի և Հայկուհի Չոբանյանի դասերից։ Ինչի համար անչափ շնորհակալ ենք բոլորին»։
Այբբենարանի հանդեսների ժամանակ հնչեցին հայերենին նվիրված նոր և յուրօրինակ երգեր, որոնց նվագակցում էր Լենա Բեգլարյանը։