Տեղի ունեցավ Իտալիայի 3 քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթի հանձնման արարողությունը

Մայիսի 26-ին տեղի ունեցավ Իտալիայի 3 քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթի հանձնման հանդիսավոր արարողությունը: Փաստաթուղթը  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնեց  Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանը:

 Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ Սփյուռքի հայ համայնքերի հետ տարվող ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, պրոֆ. Սվազլյանը ներկայացրեց Իտալիայի հայ համայնքում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու  ձեռքբերումները:

 Կարևորելով Իտալիայի երեք քաղաքների իշխանությունների կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ՝ ռազմավարություն՝ նոր հնարավոր ցեղասպնաությունները կանխելու նպատակով:

 Բարձր գնահատելով  Իտալիայի քաղաքային իշխանությունների կայացրած որոշումները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Իտալիայի հայ համայնքին, հատկապես Ձեզ, պարոն Սվազլյան` ձեր ազգանվեր գործունեության համար: Այսօրվա փաստաթղթերը վկայում են, որ համայն հայությունը պայքարը կշարունակի  այնքան ժամանակ, մինչև կհասնենք Հայ Դատի վերջնական լուծմանը: Ես համոզված եմ, որ այս փաստաթղթերը իրենց  ուրույն տեղը կգտնեն Ցեղասպանության թանգարան ինստիտուտում»:

Scroll Up