Իսրայելում Ազնավուրի ծնողների պատվին հատուկ նամականիշ կթողարկվի

Վերջերս Նյու Յորքում հանդիպել են աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու հրեական International Raoul Wallenberg Foundation (IRWF) հիմնադրամի ներկայացուցիչները` քննարկելու, թե ինչպես են Ազնավուրի հանգուցյալ ծնողները` Քնարն ու Միշան, ինչպես նաև նրա քույր Աիդան և հենց ինքը` Ազնավուրը, Ֆրանսիայում նացիստական շրջափակման տարիներին, վտանգելով սեփական կյանքը, փրկել հրեաներին:
Ինչպես նշում է Asbarez-ը, շանսոնյեն պատմել է, թե ինչպես են ծնողներն իրենց հարկի տակ ապաստան տրամադրել այն հրեաներին, որոնց հետապնդում էին նացիստները:
IRWF հիմնադրամն այս կապակցությամբ որոշել է հատուկ թիմ ստեղծել, որը կզբաղվի հրեաների փրկության գործում Ազնավուր ընտանիքի ունեցած ավանդի թեմայով:
Բացի այդ, հիմնադրամի ղեկավարությունը որոշել է հարգանքի տուրք մատուցել Ազնավուրներին` որոշելով Միշայի ու Քնարի պատվին Իսրայելում հատուկ նամականիշ թողարկել: Դրանից զատ, հիմնադրամը շանսոնյեին ու նրա քրոջը պարգևատրել է Ռաուլ Ուալենբերգի անվան մեդալով` այդպիսով գնահատելով երիտասարդ տարիքում նրանց ստանձնած ու պատվով իրագործած հրեաների փրկության առաքելությունը: