«Հորդանանի հայերը». միջազգային գիտաժողով Հայկազյան համալսարանում

Մայիսի 21-ին Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ «Հորդանանի հայերը միջազգային գիտաժողովի պաշտոնական բացումը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
Գիտաժողովը կազմակերպվել է Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ և ընթանալու է մինչև մայիսի 24-ը, որի ընթացքում Հորդանանի հայ համայնքի պատմության, կազմակերպությունների և հաստատությունների, Հորդանանի պետության և ժողովրդագրության, Հորդանանի հայ համայնքի ինքության խնդիրների շուրջ զերկույցներ են ունենալու ԱՄՆ-ի, Իտալիայի, Լիբանանի, Հայաստանի Հորդանանի, Սիրիայի, Ֆրանսիայի առաջատար գիտնականներ և հայագետներ:
Բացման խոսքով հանդես եկավ դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը՝ նշելով, որ գիտաժողովին մեծապես աջակցել է Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամը: Այնուհետև ընթերցվեց Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի ուղերձը:
Առաջինը հանդես եկավ հրավրիյալ բանախոս, պրոֆեսոր Հինդ Աբու Շըրը՝ ներկայացնելով «Հորդանանի նոր շրջանի պատմությունը՝ Օսմանյան և ազգային իշխանության շրջանում (1850-1946թթ.)» զեկույցը: Զեկույցի մեջ խոսվեց նաև Հորդանանի հայ համայնքի ձևավորման մասին:
Ելույթ ունեցավ նաև Բեյութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանը, ով իր խոսքում կարևորեց նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը, որոնք ևս մեկ հնարավորություն են ընձեռում աշխարհին ներկայացնելու մեր ազգային, հոգևոր, մշակութային հարուստ ժառանգությունը: Այն հստակ քայլ է՝ ուղղված այդ իսկ ժառանգության փոխանցմանը և պահպանմանը: Վերապատվելի Հայդոսթյանը շեշտեց, որ հայագիտական գիտաժողովների շնորհիվ ամարպնդվում է տարբեր համայնքների սփյուռքահայ գիտնականների հաղորդակցությունը և ստեղծվում են պայմաններ այլազգի գիտնականների համար՝ ներկայացնելու իրենց հայագիտական աշխատանքները:
Բացման արարողությունը եզրափակվեց հորդանանահայ լուսանկարիչ Միրո Գիզիրյանի ցուցահանդեսով:
Պաշտոնական բացմանը ներկա էին Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր և Միջին Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, ԱՄՆ-ից ժամանած Հայ Ավետարանական եկեղեցու վերապատվելիներ, Հայ Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչներ և այլք:
Նախկինում ևս Հայկազյան Համալսարանում կազմակերպվել են նմանօրինակ գիտաժողովներ՝ 2013 թվականին՝ «Լիբանանի Հայերը», 2014 թվականին՝ «Սիրիայի հայերը» խորագրերով: 2017 թվականի մայիսին նախատեսվում է կազմակերպել «Իրաքի հայերը» խորագրով գիտաժողով: