ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ձեռնարկ՝ հայկական մեկօրյա դպրոցում

«Հայրենիք ունեցող ազգը, որպեսզի կարողանա ինքնուրույն և անկախ ապրել և իր հոգեկան ուժերն ազատորեն դրսևորել և զարգացնել, պիտի ունենա նաև ազատ ու անկախ հայրենի պետություն». Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 6-րդ Չորեքչյանի այս խոսքերով ազդարարվեց Հայոց պատմության բաց դասը ՌԴ Մոսկվայի մարզի  Իվանտեևկա քաղաքի «ԱՐԳԻՇՏ» հայկական մեկօրյա դպրոցի սաների համար։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են դպրոցից: «Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, հիշողությունը, դարերի ընթացքում կերտած նրա հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը»,- բաց դասի ընթացքում ասաց հայոց պատմության ուսուցչուհի Քնար Վրացյանը։

Բաց դասը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին։ Ներկա էին «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Ազնիվ Պարոնյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Լուսինե Եղիազարյանը, ծնողներ։ Բաց դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին նախապես պատրաստված նյութեր, քննարկումներ ծավալվեցին, բանավիճեցին տարբեր նյութերի շուրջ, խանդավառությամբ և հայրենասիրությամբ տոգորված՝ ներկայացնելով 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը։

Հատկանշական էր նաև ՀՀ խորհրդանիշերի ներկայացումը, ՀՀ օրհներգի և «Էրեբունի–Երևան» երգի կատարումները։ Գեղեցիկ էր, ուսուցանող, հուզառատ ու ազդեցիկ:

Բաց դասի ավարտին գովասանքի, բարեմաղթանքի խոսքով հանդես եկան Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի «Արգիշտ» հայկական մեկօրյա դպրոցի տնօրեն Ազնիվ Պարոնյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Լուսինե Եղիազարյանը և դպրոցի ծնողական կոմիտեի նախագահ տիկին Ռիման՝ կոչ անելով սաներին լինել հայրենասեր ու անաղարտ պահել հայ ինքնությունը։

բաց դաս բաց դաս1

Scroll Up