Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ինտենսիվորեն խախտել է հրադադարը. 20-ամյա զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետեւակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարեւելյան (Հադրութ) եւ արեւելյան (Մարտունու) ուղղություններով:

Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման եւ սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Scroll Up