Չինաստանում ՀՀ դեսպանը ելույթ ունեցավ Չինաստանի Կոնֆուցիուսի Ինստիտուտների գլխամասային գրասենյակում

Մայիսի 12-ին Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Հայաստանին նվիրված ծավալուն ելույթով հանդես է եկել Չինաստանի Կոնֆուցիուսի Ինստիտուտների գլխամասային գրասենյակում, որին ներկա են գտնվել Պետխորհրդի խորհրդական, Չինաստանի Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասային գրասենյակի գլխավոր տնօրեն տիկին Սյու Լին, Չինաստանի ակադեմիական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ, վերլուծաբաններ, լրագրողներ։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են դեսպանատնից:
Դեսպան Մանասարյանը ներկաներին ներկայացրել է տեղեկություններ Հայաստանի, Արցախի, հայկական պատմության ու մշակույթի, հայոց լեզվի և կրոնի մասին: Դեսպանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և հայկական Սփյուռքի ձևավորմանը։
Անդրադառնալով Հայ-չինական հարաբերություններին դեսպանը նշել է, որ մեր հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմական և ավանդական ամուր կապերի վրա։ Բանախոսը ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի և Չինաստանի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն և փոխհասկացողության մթնոլորտ:
Կարևորելով Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը նա նշել է, որ այն յուրահատուկ հարթակ է հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկման համար, ինչպես նաև հանդիսանում է հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության վառ օրինակ։
Ելույթի ավարտին դեսպան Մանասարյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի: