Բոստոնի «Սայաթ-Նովա» պարախումբն իր հոբելյանը միշտ Հայաստանում է նշում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/45.jpg)
Բոստոնում գործող «Սայաթ-Նովա» պարախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աբո Աշճյանը, 1970 թվականին ընտանիքի հետ Բեյրութից ԱՄՆ Բոստոն քաղաք տեղափոխվելով, ծնողների խորհրդով սկսել է թատրոնի, երգի, պարի և այլ խմբակների հաճախել, որպեսզի այդ միջոցով ևս չմոռանար հայերենը և ազգային դիմագիծը: Տասնչորսամյա պատանու ուշադրությունը միանգամից հայկական պարերն են գրավել, որն էլ դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը:
Պարային հմտություններ ձեռք բերելուց հետո՝ 1986 թվականին Աբո Աշճյանը հիմնում է «Սայաթ-Նովա» պարախումբը՝ նպատակ ունենալով բոստոնահայ երիտասարդներին ծանոթացնել հայկական անզուգական պարերին և ոչ միայն:
Պարախումբը ստեղծագործական երկարուձիգ տարիների ընթացքում արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ինչպես Բոստոնում, այնպես էլ ամերիկյան տարբեր քաղաքներում: Դա են վկայում հայկական մի շարք համայնքներում կայացած շրջագայությունները: Ներկայումս խմբի կազմում 56 պարողներ կան, որոնց կազմ ամեն տարի փոփոխվում է: Ի դեպ, խմբի անդամ կարող են դառնալ 16-30 տարեկան անձիք:
Աբո Աշճյանը պարախմբին կից նաև դպրոց-ստուդիա է հիմնել, ուր հաճախում են 4-15 տարեկան երեխաները: Դպրոցն ավարտելուց հետո ցանկության դեպքում շրջանավարտները կարող են իրենց հետագա գործունեությունը հենց պարախմբում շարունակել:
«Սայաթ-Նովա» պարախումբը յուրաքանչյուր հոբելյանական տարեդարձ Հայաստանում` մայրաքաղաք Երևանում է նշում, որի մասին Աբո Աշճյանը մանրամասներ հաղորդեց. «Առաջին համերգը զինվորներին ենք նվիրում. հոգու պարտք ենք համարում մեր հերոս-զինվորների համար համերգ կազմակերպել, որից հետո միայն խիղճներս հանգիստ՝ ավելի մեծ հանդիսատեսի առջև Երևանում ենք ելույթ ունենում: Օրինակ՝ խմբի 20-ամյակի առիթով ութ մենահամերգ ունեցանք՝ հասնելով մինչև Գյումրի և Արցախ: Այս տարի ամռանը նույնպես բեմական գործունեության 30-րդ հոբելյանական տարում պատրաստվում ենք Հայաստան գալ և մեր տոնական օրը կրկին հայ զինվորի, հայ մարդու կողքին լինել»,-«Հայերն այսօրին» տեղեկացրեց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ պատանիներն ու աղջիկները նմանօրինակ այցելություններով կարողանում են բացահայտել Հայաստանը, այցելել պատմամշակութային տարբեր վայրերը, որոնք նրանց շատ են ոգևորում:
Այս տարվա այցելությունը պարախմբի համար հիշարժան կդառնա նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին առաջին անգամ մասնակցելու պատճառով, և հիմա պարախմբի անդամները խանդավառված սպասում են փառատոնի շրջանակում իրենց ելույթին:
Աբո Աշճյանը տեղեկացրեց նաև, որ Երևանում տարբեր պարախմբերի հետ պարբերաբար փորձի փոխանակում են կատարում և վարպետության դասեր անցկացնում, որը նույնպես Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է հանդիսանում:
Հաճախ են լինում Բոստոնում քաղաքային մակարդակով միջոցառումների մասնակցելու հրավերները, որի ժամանակ օտարազգիները, ծանոթանալով հայկական պարերին, հիացմունքի խոսքեր են ասում:
Վերջին միջոցառումներից Աբո Աշճյանը մտաբերեց մասնակցությունը Բոստոնի քաղաքապետարանի բակում կայացած փառատոնին, որին շուրջ 7000 հանդիստատես է ներկա եղել:
Գևորգ Չիչյան