Լեւոն Բիչախչյան. «Վրաստանի քաղաքացի եմ եւ հպարտ եմ դրանով»
Ախալքալաքի պատվավոր քաղաքացի, ինժեներ հիդրոշինարար, «Լեւոն Շինարար» ՍՊԸ տնօրեն Լեւոն Բիչախչյանի հետ զրույցը Ջավախքի այսօրվա եւ հեռանկարների մասին է:
-Վրաստանի քաղաքացի եմ եւ հպարտ եմ դրանով, քանի որ մեր հանրապետությունը գնում է դեմոկրատացման ուղիով: Ջավախքի գազաֆիկացման գործում իմ աշխատանքները գնահատվեց Վրաստանի նախագահի կողմից: Այն հարցերը, որ առաջադրել եմ համապետական եւ մարզային իշխանությունների կողմից, միշտ էլ ընդառաջում են գտել: Եվ եկեք չմոռանանք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը շատ բարդ քաղաքական եւ տնտեսական իրավիճակում են գտնվում: Իհարկե Վրաստանը նաեւ զուրկ չէ ազգայնամոլներից ու նմանատիպ կազմակերպություններից, բայց դա չի նշանակում, որ հարկավոր է կենտրոնանալ դրա վրա եւ միայն դա տեսնել: Նախ եւ առաջ հարկավոր է ստեղծել ապրելու միջոցներ Ջավախքի ժողովրդի կենցաղը ապահովելու համար: Պետք է ներդրումներ անել հատկապես Ջավախքում , որ շահույթով այդ երկրամասում հնարավոր է ցանկացած ճյուղում շահավետ բիզնես հիմնել: Էլ չեմ խոսում այն մասին, որ կարելի է նույնն անել ընդհամենը հայրենասիրական մղումներից ելնելով:
-Միայն հայրենասիրական մղումները հազիվ թե կարողանան հիմք ծառայել որեւէ բիզնեսի հիմնադրման համար մի տեղում, ուր ենթակառուցվածքների խնդիրներն էլ լուծված չեն:
-Հուրախություն մեզ` բոլորիս, Ջավախքում կառուցված ճանապարհները Ախալքալաքը դարձնում են միջանցիկ կենտրոն: Այնտեղով է անցնելու երկաթուղին Բաքվից մինչեւ Լոնդոն: Գերազանց ավտոճանապարհ կառուցվեց դեպի Արդահան-Կարս, կառուցվեց նաեւ ամենակարճ ճանապարհը Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի, որը 100 կիլոմետրով մոտեցրեց Ախալքալաքը մայրաքաղաքին: Իմ կարծիքով, Վրաստանի կառավարությունը նաեւ մի աննախադեպ քայլ արեց. այս տարի հայկական դպրոցի շրջանավարտներից հրավիրվեցին ընդունվելու Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ընդ որում` առաջին կուրսի բոլոր ծախսերը պետությունն է հոգալու: Վրացերեն լեզուն տիրապետելու համար անցնում են վրացերեն լեզվի ինտենսիվ կուրսեր եւ առաջին կուրսի քննությունները գերազանց հանձնողներն ուսումը կրկին պետպատվերով շարունակելու հնարավորություն կունենան: Սա շատ կարեւոր քայլ էր, քանի որ վրացերեն լեզվի չիմացությունը սահմանափակում էր ղեկավար պաշտոններում աշխատելու հայերի հնարավորությունները: Այս գործում պետք է երիտասարդությանը ճիշտ ուղու վրա դնել: Իհարկե յուրաքանչյուր հայ, անկախ բնակության վայրից, պետք է հոգա նաեւ հայրենիքի զորացման համար:
-Ինչպիսի՞ն է Ջավախքի բնակչության կենցաղը:
– Ջավախքի բնակչության կենցաղը դժվարին է: Չկա գյուղտեխնիկա: Ապրանքը շատ ժամանակ իրացվում է շատ ավելի էժան գներով: Դրա լուծումը կարող է լինել այն, որ հայրենասեր ձեռներեցները գան ու ձեռնարկություններ բացեն, ու դա կլինի այն կոնկրետ քայլը, որը ի նպաստ է երկրամասի բնակչության բարեկեցության ստեղծման եւ դուրս է այս կամ այն քաղաքական ներկայանալիությունից:
– Կարծում եք դրանով կլուծվե՞ն Ջավախքի բնակչության բոլոր խնդիրները եւ անգամ արտագաղթը:
– Իհարկե ոչ լիովին: Կենցաղը կարգավորելու համար աշխատատեղերի պակաս կա: Հիմանկանում ռուս-վրացական հարաբերությունների խզումն էլ դարձավ կենցաղի վատթարացման պատճառ: Մեր աշխատուժի մի մասը գնում էր Ռուսաստան խոպանի վաստակի: Բայց հուսանք, որ ինչ-որ եզրեր կգտնվեն` բնակչությանը աշխատանքով ապահովելու համար, ինչի իրականացման դեպքում կկանխարգելենք նաեւ արտագաղթը: