Հոլիվուդում անցկացվել է «Այցելիր Հայաստան, այն գեղեցիկ է» էսսեների մրցույթ

Հարյուրից ավելի հյուրեր ապրիլի 28-ին մասնակցել են «Այցելիր Հայաստան, այն գեղեցիկ է» (Visit Armenia, It Is Beautiful) էսսեների չորրորդ մրցանակաբաշխությանը: Աայս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:
Նշվում է, որ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Կալիֆոռնիայում`Հոլիվուդում: Էսսեների մրցույթին մասնակցել են ավագ դպրոցների 9-12րդ դասարանների աշակերտները, որոնք գրել են հայերեն կամ անգլերեն էսսեներ և ներկայացրել իրենց մտքերը, թե ինչու են ցանկանում այցելել Հայաստան:
Էսսեները լցված չեն եղել միայն հայրենասիրական գաղափարներով, այլև պարունակել են հայաստանյան խնդիրների լուծմանն ուղղված առաջարկներ: Մրցանակաբաշխության արարողությանը հնչել են Հայաստանի և ԱՄՆի օրհներգերը. մասնակիցները հարգել են Արցախում և Սիրիայում զոհված անմեղ հայերի հիշատակը: Արդյունքում 11 պատանիների աշխատանքներ լավագույնն են ճանաչվել, և նրանք արժանացել են մրցանակների:
Առաջին տեղը զբաղեցրել է Rose and Alex Pilibos հայկական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արենի Չորբարջյանը, երկրորդը` Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանի սան Մեղրի Աշեկյանը (9րդ դասարան ), իսկ երրորդը` Clark Magnet ավագ դպրոցի աշակերտ Թալիշ Բաբայանը (12րդ դասարան):