Գերմանիայում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգը
Հակառակ Թուրքիայի բոլոր խոչընդոտումներին` ապրիլի 30-ին Դրեզդենում տեղի է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած «Աղետ» խորագրով համերգը: Այն նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ թուրքական «Demokrathaber.net» կայքի` համերգին մասնակցել են հայեր, թուրքեր ու գերմանացիներ: Անկարայի կողմից համերգը խոչընդոտելու ջանքերի դեմ իրենց բողոքն արտահայտող որոշ հանդիսատեսներ համերգին եկել են «Danke Dresden» (Շնորհակալություն Դրեզդեն) պաստառներով: Համերգային դահլիճի բակում ապրիլի 24-ի նվիրված ժամանակավոր լուսանկարների ցուցահանդես է բացվել, գրում է ermenihaber.am-ը:
Հիշեցնենք, որ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` «Աղետ» անվանումով համերգային նախագիծին Եվրամիության կրթության և մշակույթի հարցերով գործակալությունը 200.000 եվրոի աջակցություն էր ցուցաբերում:
Գործակալությունը նաև համերգի մասին տեղեկություններ էր տեղադրել ԵՄ կայքում: Այս ամենը հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը, ինչից հետո սկսվել էին բարձր մակարդակով ճնշումներն ԵՄ-ի վրա:
Ճնշումներից ու շանտաժներից հետո ԵՄ կայքը հեռացրել էր համերգի մասին տեղեկությունները կայքից, սակայն ֆինանսական աջակցությունը չէր դադարեցրել:
Ավելի վաղ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Մարկուս Ռինդտն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի Եվրամիության դեսպանը պահանջել է, որ ԵՄ-ն դադարեցնի նախագին ցուցաբերվող աջակցությունը` այդ պահանջը բնորոշելով հարձակում խոսքի ազատության դեմ: