ՌԴ Յակուտսկ քաղաքի հայ համայնքի աջակցությունը Արցախի բանակին

Սախա-Յակուտիայի Հանրապետության Յակուտսկ քաղաքի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը Հայաստան էր եկել՝ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար, ինչպես նաև Արցախի բանակին փոխանցելու համայնքի կողմից տրամադրված օժանդակությունը:

«Տեսնելով ադրբեջանական նախահարձակ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի բանակի շուրջ ստեղծված դժվարությունները՝ մեր համայնքը միանգամից ոտքի կանգնեց և որոշեց դրամական օժանդակություն տրամադրել»,-«Հայերն այսօրի» թղթակցին ասաց համայնքի նախագահը և հավելեց, որ հանգանակած գումարով ջերմացուցիչներ (тепловизор) և «УАЗ» մակնիշի մեքենաներ   են գնել:

Այս օրերին հաճախ են եղել նաև համայնքային ներկայացուցիչների տարաբնույթ հանդիպումներ՝ քննարկելու համար Արցախին հետագա աջակցություն  ցուցաբերելու հարցերը:

Պարոն Նավոյանը վստահեցնում է, որ այս քայլով իրենց հոգու պարտքն են կատարում Հայրենիքի առջև և պատրաստ են համախմբված աշխատանքի շնորհիվ կանխել համայն հայության առջև ծառացած վտանգները:

Անդրանիկ Նավոյանը հանդիպել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և նրան ներկայացրել Արցախին սատարելու ուղղութամբ համայնքի պատրաստակամությունը, մինչ այժմ կատարված աշխատանքները և հետագայում նույնպես նմանօրինակ նախաձեռնություններով հանդես գալու հույս հայտնել:

«Արցախ կատարած այցելությունից տպավորված եմ. թե՛ արցախցիների, թե՛ զինվորների հետ զրուցելիս նրանց մոտ հուսահատություն չնկատեցի, բոլորն էլ մարտական ոգով էին լցված: Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք հզոր ազգ ենք և դարեր շարունակ թշնամու դեմ մեր միասնականությամբ ենք պայքարել և անպարտ ոգով փառքի ճանապարհ հարթել: Հարկ եղած դեպքում՝ համառ պայքար կմղենք մեր զինվորների համար, քանի որ նրանց կյանքն անչափ թանկ է»,-նշեց Անդրանիկ Նավոյանը:

Scroll Up