ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավանյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/382.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Արթուր Ավանյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց Արթուր Ավանյանի ջանքերը՝ ուղղված Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման, մայրենի լեզվի պահպանման, զարգացման և տարածման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արթուր Ավանյանը ներկայացրեց իրավիճակը համայնքում, առկա խնդիրներն ու հետագա անելիքները՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում Մոլդովայի հայ համայնքը համախմբելու, համայնքային կյանքն աշխուժացնելու և Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին ակտիվ մասնակցելու նպատակով:
Համայնքի ղեկավարը նաև հավելեց, որ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանը առավել ճանաչելի դարձնելու և Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:
Նախարարը հորդորեց, որ համայնքը առավել ակտիվ մասնակցի Սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, քանի որ մասնակցությունն այդ ծրագրերին Հայրենիքի հետ կապերը սերտացնելու, միմյանց խնդիրներին քաջատեղյակ լինելու և դրանց լուծման համար համատեղ ուղիներ փնտրելու լավագույն միջոց է:
Կողմերն անդրադարձան նաև վերջին շրջանում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ քննարկելով համայնքի կողմից իրականացված միջոցառումների արդյունավետության հետ կապված հարցեր: