Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/5394-3.jpg)
Հավատարիմ մնալով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին՝ Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի ծրագիրը: Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է Prensa Armenia գործակալությունը:
Ծրագիրը խորհրդարանին է ներկայացվել ընդդիմադիր քաղաքական կուսակցության կողմից՝ համահեղինակությամբ պատգամավորներ Ժոզե Կամպագնոլիի, Խավիեր Անդրադեի, Անդրեա Կոնդեի և Պաուլա Պենակայի:
«Մենք համոզված ենք, որ ճանապարհը դեպի արդարություն անցնում է հիշողության, ճշմարտության եւ փոխհատուցման միջով», ասել է Ժոզե Կամպագնոլին:
«Այս հայտարարությունը պաշտոնական փաստաթուղթ չէ, բայց այն ցույց է տալիս քաղաքական ուժերի վերաբերմունքը հայ համայնքին և Հայ դատին ՝գործով եւ խոսքով», – ասել է Բուենոս Այրեսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նիկոլա Սաբունչույանը:
Նշենք, որ Բուենոս Այրեսում վաղը՝ ապրիլի 23-ին, տեղի կունենա Ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի միջոցառում, իսկ ապրիլի 25-ին երիտասարդները բողոքի հանրահավաք կանցկացնեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և ի պաշտպանություն Արցախի խաղաղության: