ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրենին
Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին:
Քննարկվեցին փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցած Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց ինտեգրման դյուրացման խնդիրներին նվիրված «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ կատարվելիք գործնական քայլերը և այդ աշխատանքները համատեղելու հնարավորությունները:
Պարոն Փանոսյանը տեղեկացրեց, որ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը կշարունակի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող սիրիահայերի ուսման վարձերի մասնակի վճարումը, ինչպես նաև կաջակցի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչականհանձնաժողովի քարտուղարության կազմը 2 մասնագետով համալրելուն:
Շնորհակալություն հայտնելով Ռազմիկ Փանոսյանին պատրաստակամության համար՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել հատկապես սոցիալական, կրթական և բնակաշինության ոլորտների խնդիրների լուծման, ռազմավարական բնույթի ծրագրերի ստեղծման և դրանց իրականացումը համակարգված կերպով առաջ տանելու վրա:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հարցեր, ինչպես նաև հայապահպանությանը և հայագիտության զարգացմանը նպաստող մի շարք այլ ծրագրերի իրականացման շուրջ համագործակցելու հնարավորությունները: