Ամերիկացի հաղորդավարը հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/356148-300x225.jpg)
Ամերիկացի հաղորդավար, «Էմմի» մրցանակի հավակնորդ Լաուրա Մաքքենզին իր հաղորդաշարի մեկժամյա հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կոչվում է «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը. Հայաստան»: Հաղորդումը եթեր դուրս կգա ապրիլի 23-ին ԱՄՆ հիմնական ալիքներով, այդ թվում Լոս Անջելեսի Կանալ 5 KTLA-ով, ըստ PanARMENIAN.Net-ի՝ հայտնում է PR Newswire-ը:
Հատուկ թողարկման մեջ Մաքքենզին կպատմի իր բացահայտումների մասին Հայաստանում. Երևանի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Գառնիի տաճարի, Տաթևի վանքի մասին` աշխարհի ամենաերկար ճոպանուղիով: Բացի այդ, հաղորդավարը ներկայացնում է տեղի շուկաները, սովորում է ազգային խոհանոցի ուտեստներ պատրաստել, փորձում է ուժերը գորգագործության արվեստում:
Լաուրա Մաքքենզին ԱՄՆ ամենահայտնի հեռուստատեսային փորձագետն է ճամփորդությունների ոլորտում: Նա տասնյակից ավելի պարգևների է արժանացել, այդ թվում երկու անգամ հավակնել է «Էմմի» և «Գրեյսի» մրցանակներին «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը» հաղորդաշարի համար: Նա ուղևորությունների մասին 42 տեսաթողարկումների հեղինակ է, մասնակցում է հայտնի ամերիկյան թոկ-շոուներին որպես ճանապարհորդությունների փորձագետ: 1989 թվականից Մաքքենզին նաև հանդես է գալիս որպես դերասան կինոնկարներում և հեռուստատեսային շոուներում: