«Նեմեսիսի օրերի» հեղինակ. Թալեաթը սպասում էր, որ Գերմանիան կանգ առնելու նշան տա
Գերմանացի գրող Մարտին ֆոն Արնդթը, որը հեղինակել է «Նեմեսիսի օրեր» վեպը, Stuttgarter Zeitung պարբերականին տված հարցազրույցում պատմել է աշխատության ստեղծման և դրա շուրջ հայերի ու թուրքերի արձագանքների մասին։ Նշենք, որ «Նեմեսիսի օրերը» Հայոց ցեղասպանության մասին պատմող քաղաքական թրիլլերի ժանրով գրված վեպ է,գրում է News.am–ը:
Այն մասին, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացրած Ցեղասպանությանը զոհ է գնացել 1.5 մլն հայ, թուրքական և գերմանական պատմությունը լռում է։ Գերմանացի հեղինակ Մարտին Արնդթը միջոց է գտել հանրությանը բարձրաձայնել պատմության՝ մոռացության մատնված այդ հատվածի մասին, գրում է գերմանական պարբերականը։
«Նեմեսիսի օրերն» արժանացավ ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի ու գերմանացիների քննադատությանը։
«Իհարկե թուրքերն ինձ քննադատում էին, սակայն եղան նաև լիբերալ թուրքեր, որոնք հայտարարեցին, որ այն ժամանակվա ռեժիմը ի արարքներում շատ հեռուն է գնացել։ Եղան գերմանացի ազգայնականներ, որոնք քննադատեցին ինձ՝ ասելով, թե երիտասարդ սերունդը սիրում է քննադատել նախորդ իշխանություններին և պահանջեցին վերջ տալ մեր երկիրը ճնշման տակ պահելուն։ Սակայն ամենաշատն ինձ զարմացրեց հայերի արձագանքը։ Հայկական ամսագրերից մեկն ինձ մեղադրեց, որ գիրքը բավական հայամետ չի ստացվել»,- ասում է հեղինակը՝ հավելելով, որ իր գիրքը հակաթուրքական քարոզարշավի նպատակ չի հետապնդում։
«Ի սկզբանե ես բոլորովին այլ բանի մասին էի պատրաստվում գրել։ Ես ցանկանում էի քաղաքական թրիլլեր գրել, և իմ մտքերը կենտրոնացած էին Սողոմոն Թեհլերյանի վրա։ Ինձ հետաքրքրում էր հարցը, թե որքանով է հնարավոր այսպես կոչված «օրինական, լեգիտիմ ահաբեկչության» գոյությունը։
Այսինքն՝ օրինական ահաբեկչություն՝ ուղղված պետության կողմից սեփական ժողովրդի հանդեպ իրականացվող ահաբեկչության դեմ պայքարելուն։ Ես սկսեցի ուսումնասիրել Նեմեսիս գործողությունը, որն իդեալական նյութ դարձավ իմ քաղաքական թրիլլերի համար։
Սակայն ես միանշանակ չկարողացա գտնել հարցիս պատասխանը, թե որքանով է հնարավոր այդ օրինական կամ լեգիտիմ ահաբեկչության գոյությունը։ Պարզ պատասխաներ չկան։ Հիմա ո՞վ կարող է ասել, թե ինչ կպատահեր, եթե 1915թ. Ցեղասպանության մեղավորներն իրոք ժամանակին պատասխանատվության առջև կանգնեին։ Փաստն այն է, որ Ցեղասպանության հեղինակներին միայն հեռակա կարգով կարողացան մահվան դատապարտել, և նրանք բոլորը փախան Գերմանիա։
Իմ գրքում Գերմանիայի արտգործնախարարությունը Ցեղասպանությանը լուռ հետևելու համար քննադատության է ենթարկվում։ Իհարկե քանի որ սա վեպ է, մարդիկ դժվարանում են տարբերակել, թե որտեղ է վերջանում իրականությունը, և որտեղ է սկսվում հեղինակի երևակայությունը։ Սակայն ասեմ, որ իմ գիրքը գրեթե ամբողջովին հիմնված է իրական փաստերի վրա։ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն ու նրա տված ցուցմունքը, օրինակ, ես ամբողջովին բառացի մեջբերել եմ արխիվներոմ պահված փաստաթղթերից։
Սա գիրք է, որը եկել է լրացնելու պատմության դասագրքերի բացը։ Աշխարհի մեծագույն ցեղասպանությունն իրականացրած գերմանացիները, որոնք իրենց լռությամբ մասնակցեցին նաև աշխարհում մեծությամբ երկրորդ ցեղասպանության կազմակերպմանը, պետք է տեղյակ լինեն այդ մասին։ 1915թ. Թուրքիայում գտնվող գերմանացի գործակալները տագնապի ազդանշաններ էին ուղարկում այնտեղ կատարվող ոճրագործության մասին։ Եվ անգամ Թալեաթը հայտարարել էր. «Եթե Գերմանիայից գոնե մեկ ազդանշան գար, որ մենք պետք է կանգ առնենք, մենք կանգ կառնեինք, բայց այդ ազդանշանը չեկավ»,- եզրափակել է հեղինակը։