Նյու Յորքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկայանա

Նյու Յորքի Times Square հրապարակում ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ից 16:00-ն, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկայանա:

Ցեղասպանությունների իրազեկման ամսվա ընթացքում կազմակերպիչները հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին հրավիրել են միավորվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների, Արցախպրեսի փոխանցմամբ՝ գրում է MassisPost-ը:

30 տարի շարունակ Հայոց ցեղասպանության հիշատակման նախորդ միջոցառումների ժամանակ Times Square-ը հազարավոր մարդիկ էր հավաքել, որոնք միավորվել էին եւ ի ցույց դրել մարդկության դեմ հանցագործությունների դեմ պայքարին իրենց աջակցությունը:

Միջոցառմանը ելույթ կունենան Նյու Ջերսիի Հոլոքոստի կրության հանձնաժողովի նախագահ Ջոան Ռիվիցը եւ Օսմանյան կայսրությունում 1915-ին ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի Պամելա Շթայներան:

Scroll Up