ANCA-ի արևմտյան մասնաճյուղը դատապարտել է Ջոն Քերիի լռությունը

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան մասնաճյուղը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի լռությունը վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների ժամանակ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների առնչությամբ՝ հանդիպելով նրան Միջազգային քաղաքականության հարցերով խաղաղօվկիանոսյան խորհրդում, որտեղ նա ելույթ է ունեցել երեքշաբթի օրը:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան մասնաճյուղի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել Խաղաղօվկիանոսյան խորհրդի միջոցառման այցելուներին, ինչպես նաև այն լուսաբանելու համար ուղարկված լրատվամիջոցներին՝ նշելով, որ պետքարտուղար Քերին, ով հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից օրեր առաջ, հստակ և միանշանակ չի դատապարտել Ադրբեջանի աճող ագրեսիան, հաղորդում է tert.am-ը, հղում անելով՝ asbarez.com-ը։

«Այդ դիվանագիտական ձախողումը քաջալերել է ավելի ու ավելի ավտորիտար դարձող Ադրբեջանին՝ խրախուսելով նախագահին գնալ պատերազմի ճանապարհով՝ համոզված լինելով, որ միջազգային հանրությունը չի խոչընդոտի իրեն»,- ասված է հայտարարությունում:

Ներկայացուցիչները նաև կոչ են արել հետաքննել Ալիևի ուժերի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները՝ այդ թվում տարեց զույգի սպանությունը և ականջներ կտրելը, ինչպես նաև առնվազն երեք հայ զինվորի գլխատումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

Scroll Up