«Եթե անհրաժեշտ լինի, մենք էլ, զենքը ձեռքներիս, կկանգնենք ճիշտ տեղում»

Օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված Ռուսաստանի հայերի միության Տոմսկի մարզի հայկական համայնքի նախագահ Ռուբեն Մանուկյանի և նրա տեղակալ Արթուր Փիլոսյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
– Բարո՛վ եք եկել Հայրենիք. պարո՛ն Մանուկյան բոլորիս ուշադրության կիզակետում ղարաբաղաադրբեջանական շփման գծում ազերիների կողմից նախահարձակ մարտական գործողություններն են և, բնականաբար, մեր զրույցը պետք է սկսենք հենց այդ թեմայից: Ի՞նչ է արվում Ձեր համայնքում այս օրերին:
– 11 տարի է, ինչ ղեկավարում եմ այդ հրաշալի համայնքը, որում ընդգրկված բոլոր հայերը շատ հայրենասեր են: Իհարկե, բոլորն էլ տեղյակ են, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է զինադադարը և պատերազմական գործողություններ ծավալել ղարաբաղաադրբեջանական շփման գծում, ինչպես նաև՝ կրակահերթի տակ առել Հայաստանի սահմանային մի քանի բնակավայրեր: Ի՞նչ արեցինք մենք՝ Տոմսկի մարզի հայերս. ապրիլի 2-ին երիտասարդության հարցերի գծով իմ տեղակալի՝ Վլադիմիր Չոլախյանի հետ հավաքեցինք համայնքի երիտասարդությանը, բացատրեցինք ստեղծված իրավիճակը, ասացինք որ պետք է զուսպ լինեն, և մեր բոլորի գործողությունները պետք է լինեն օրինական, որ չպետք է զբաղվենք ինքնագործունեությամբ, պետք է զգուշանանք սադրանքներից, պահպանենք խաղաղություն, հանգստություն՝ մինչև չտիրապետենք ճշգրիտ տեղեկությունների: Մեր խնդիրն այն է, որ ստեղծված հակամարտությունը, լարվածությունը չտեղափոխվի Ռուսաստանի տարածաշրջաններ: 3-րդ օրը ես հրավիրեցի համայնքի խորհրդի կազմին, քննարկեցինք նույն հարցերը, եկանք մի ընդհանուր եզրահանգման, որ պահպանելով զսպվածությունը, այնուհանդերձ, չպետք է լռենք, պետք է ինչ-որ ձևով արտահայտենք մեր վերաբերմունքը, մեր ցավը, բարձրացնենք մեր բողոքի ձայնը: Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, որն ամեն տարի համայնքում շատ մեծ մասշտաբով ենք նշում, Նովոսիբիրսկից հրավիրեցինք «Արարատ» համույթին, ելույթ ունեցավ մեր համայնքի «Նաիրի» համույթը, և այդ բարեգործական համերգն իրականացրեցինք՝ օգնելու Ղարաբաղի ժողովրդին: Այդ օրը հսկայական դահլիճի լեփ-լեցուն էր: Համերգից առաջ բոլորս ոտքի կանգնեցինք և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցինք պատերազմական գործողությունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների, զինվորների հիշատակին: Շնորհակալություն հայտնեցինք բոլոր այն մայրերին, ում զավակները զոհվեցին Արցախ աշխարհի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս, և ում որդիներն այսօր էլ հերոսաբար շարունակում են հայրենապաշտպանության սուրբ գործը: Հանգանակության փոքրիկ արկղ տեղադրեցինք, որի վրա գրված էր՝ Տոմսկի մարզի հայկական համայնքի օգնությունն Արցախին: Ես ամբիոնից ելույթ ունեցա և ասացի, որ յուրաքանչյուր ընտանիք իր հնարավորության սահմաններում պետք է օգնի Արցախին՝ վերականգնելու դպրոցները, ավերված տները, վիրավոր զինվորներին, զոհվածների ընտանիքներին: Այս ակցիային մասնակցում են Սիբիրի տարածաշրջանի բոլոր քաղաքները՝ Բառնաուլը, Նովոսիբիրսկը, Օմսկը, Կրասնոյարսկը… Միջոցառումից հետո մենք եկանք Երևան, սակայն համոզված եմ, որ դրան հաջորդող օրերին այդ ակցիային մասնակցել են նաև շատ ռուսներ, որովհետև միջոցառման օրը մի ռուսական ընտանիք իր ներդրումն ունեցավ այդ օգնության մեջ:
– Տոմսկում, բնականաբար, ի թիվս այլ համայնքների՝ կա նաև ադրբեջանական համայնք. ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված նրանց և հայկական համայնքի միջև, լինո՞ւմ են կոնֆլիկտներ:
– Մեր և ադրբեջանցիների միջև ձևավորված են զուտ աշխատանքային հարաբերություններ: Իհարկե, լինում են և եղել են կոնֆլիկտներ, հիմնականում՝ կենցաղային հողի վրա: Վերջին դեպքը եղավ հենց ապրիլի 1-ին, երբ հայերն ու ադրբեջանցիները, դուրս գալով սրճարանից, վեճի բռնվեցին՝ ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չգալով: Մենք ջանում ենք, որպեսզի կենցաղային հողի վրա ծագած վեճերը չտեղափոխվեն ազգամիջյան հարթակ:
– Պարո՛ն Մանուկյան, իսկ ի՞նչ առաքելությամբ եք եկել Հայաստան:
– Մի նախագիծ ունենք՝ մեծ զորավար Սուվորովի կիսանդրին տեղադրել Տոմսկում: Դրա համար գնացել ենք Վանաձոր և պատվիրել այն տեղի մի շնորհալի քանդակագործի: Աշխատանքի ավարտից հետո այդ բրոնզե հուշարձանը կտեղափոխենք Տոմսկ՝ նվիրելով Տոմսկի այն բնակիչներին, ովքեր 1988թ. Լենինականի, Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո մասնակցել են վերականգնողական, վերակառուցման աշխատանքներին: Մեր այցի հիմնական նպատակը դա է և հունիսի 2-ից 3-ը ազգամիջյան հարցերի շուրջ կազմակերպվելիք համաժողովին առնչվող հարցերի քննարկումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, ինչպես նաև՝ մեր համաժողովին հրավիրելու նախարարին և նախարարության համապատասխան վարչության ներկայացուցիչներին, իսկ մեր այցելության գերնպատակը ղարաբաղյան պատերազմի շուրջ նախարարի հետ մեր համայնքի հետագա անելիքների քննարկումն է: Մենք եկել ենք՝ ճշգրիտ տեղեկություններ հավաքելու այդ թեմայի շուրջ և մեր վերադարձից հետո համայնքին հաղորդելու այդ ամենը, քանի որ այնտեղ տեղեկությունները տարբեր են, հաճախ էլ՝ իրար հակասող, ոչ ճշգրիտ: Իհարկե, մենք լսում ենք լուրեր Մոսկվայից, սակայն ճիշտը տեղում լինելն է. ես արդեն զրուցել եմ ղարաբաղյան առաջին գոյամարտի մասնակիցներինց մի քանիսի, երեխաների, դպրոցականների, ուսանողների հետ և արդեն ունեմ իմ օբյեկտիվ կարծիքը, անհրաժեշտ ու փաստացի տեղեկեկությունները, որոնք պետք է հասցնեմ ժողովրդին: Մեր նպատակն այն է, որ ռուսներն իմանան ճշմարտությունը:
– Պարո՛ն Փիլոսյան, Դուք ի՞նչ կհավելեք պարոն Մանուկյանի ասածներին:
– Պարոն Մանուկյանն ասաց ամեն ինչ. ես էլ հավելեմ, որ դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին հայերի կողմից կռվել են նաև ռուս զինվորականներ, ովքեր իրենք են հրավիրում իրենց ազգակիցներին և պատմում, թե ինչ է տեղի ունեցել այն տարիներին, իսկ այժմ էլ սպասում են մեր տեղեկություններին՝ ներկայացնելու մարդկանց: Ոչ բոլորն են ճիշտ տեղեկացված Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունից, շատերը կարծում են, թե Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, և հարցնում են ինձ, թե այդ ի՞նչ է, որ չեք կարողանում կիսել ադրբեջանցիների հետ… Հետևաբար, մեր վերադարձից հետո ամեն ինչ ըստ ամենայնի կներկայացնենք:
– Պարո՛ն Փիլոսյան, շարունակելով զրույցս նաև Ձեզ հետ՝ կխնդրեմ ասել, թե ինչպե՞ս, ե՞րբ հայտնվեցիք Տոմսկի մարզում:
– Ծնունդով Գյումրեցի եմ: 1986-ին ավարտել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը, երկրորդ համալսարանն ավարտել եմ Կեմերովոյում: Որպես շինջոկատի ղեկավար՝ ուսանողական կոմերիտական շինջոկատի հետ մեկնել եմ՝ մասնակցելու Տոմսկի մարզի Կեդրովի քաղաքի շինարարությանը: Քաղաքը կառուցվեց, և ես մնացի այնտեղ: Ընտանիք ունեմ, աշխատանք, ամուր կապված եմ իմ Հայրենիքին ու ծննդավայրին, ապրում եմ Հայաստանի կյանքով:
– Պարո՛ն Մանուկյան, իսկ Դուք ի՞նչ կասեք, ի՞նչ կպատմեք Ձեր անցած ճանապարհների մասին:
– Ծնվել եմ Կիրովականում: 1972-ին զորակոչվել եմ Խորհրդային բանակ, ծառայել եմ Տոմսկի մարզի Սեվերսկ քաղաքում: Զորացրվելուց հետո մնացել եմ այնտեղ, աշխատանքի անցել ոստիկանության համակարգում, շարքային ոստիկանից հասել եմ գնդապետի աստիճանի: Հիմա արդեն անցել եմ թոշակի: Այնտեղ հանդիպել եմ ծագումով ղարաբաղցի մի հրաշալի հայուհու, ամուսնացել, զավակներ ունեցել և լծվել եմ համայնքային աշխատանքին: Փառք Աստծո, հեռավոր Տոմսկում իմ ընտանիքը եղել և մնացել է հայեցի ու ավանդապաշտ:
– Պարո՛ն Մանուկյան, կրկին վերադառնանք այսօրվա իրավիճակին, Ձեր կարծիքով ճի՞շտ էր զինադադարը, ինչպե՞ս պիտի լուծվի այս հակամարտությունը:
– Զինադադար պե՛տք էր, անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ:
– Եթե հարկ լինի, պարոնա՛յք, դուք կմեկնե՞ք սահման, զենք կվերցնե՞ք…
– Անշո՛ւշտ: Մենք պատրաստ ենք: Իմ 85-ամյա մորաքույրը, չզարմանաք, դիմել է Վանաձորի զինկոմիսարիատ՝ գրանցվելու և սահման մեկնելու: Ինչպե՞ս կարելի է չգնալ, եթե ամբողջ ազգը ոտքի կանգնի:
– Պարո՛ն Փիլոսյան…
– Եթե անհրաժեշտ լինի,բնականաբար, մենք էլ, զենքը ձեռքներիս, կկանգնենք ճիշտ տեղում: 18-20-ամյա, ռազմական գիտելիքներ չունեցող, չսովորած տղաները չպետք է կանգնեն առաջնագծում, սահմանին, ցավալի է նրանց կորուստը: Ինչպես ՌԴ-ում, պետք է պայմանագրայինները, պրոֆեսիոնալները լինեն առաջնագծում: Մի քանի ամիս կրակել սովորած տղաներին չեն ասի՝ ա՛ռ քեզ զենք և գնա կռվելու. նրանց պետք է տարիներով պատրաստել, ռազմական գիտելիքներ, ռազմավարություն սովորեցնել:
– Պարո՛ն Փիլոսյան, Դուք ասացիք, որ համայնքի կյանքին վերաբերող մի շարք նախագծեր ունեք. խոսենք նաև այդ նախագծերի և դրանց իրականացման միջոցների մասին:
– Մենք նախագիծ ունենք, որի համաձայն Տոմսկ նոր ժամանած մեր հայրենակիցներին օգնում ենք համակերպվել, հարմարվել նոր միջավայրին: Նրանց սովորեցնում ենք ռուսերեն լեզուն, ծանոթացնում ռուսական մշակույթին. այս ծրագիրն ընդգրկում է Սիբիրի ողջ տարածքը: Մեզ հետ աշխատում են նաև շատ գիտնականներ՝ գիտությունների թեկնածուներ, դոկտորներ, պրոֆեսորներ: Նախագծերն իրականացնում ենք դրամաշնորհների միջոցով: Ունենք նաև մայրի ծառերի մի նախագիծ, որի մասին քիչ հետո կխոսենք:
– Այնքան էլ հեռու չէ Ապրիլի 24-ը՝ Մեծ եղեռնի 101-րդ տարելիցը. պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս, ի՞նչ արարողություններով եք մասնակցելու այդ օրվան:
– Կավարտենք այստեղ մեր առաքելությունը և կվերադառնանք Տոմսկ՝ կազմակերպելու անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ամեն տարի իրականացնում ենք մեծ մասշտաբով և հանդիսավորությամբ:
– Ինչի՞ կարիք ունի Տոմսկի հայկական համայնքը:
– Ուսումնական միասնական ծրագրի, որով կառաջնորդվեն տարիքային տարբեր խմբերին դասավանդող ուսուցիչները: Ուզում ենք կազմակերպել համատեղ համալսարան, լաբորատորիա , մի կենտրոն Տոմսկում, ուր Սիբիրի տարածաշրջանից կհրավիրենք շատ ուսուցիչների, կսովորեցնենք այդ մեթոդիկան, ծրագիրը, որով նրանք կդասավանդեն տեղերում: Ցանկալի կլիներ, որ ունենայինք նաև մեր համայնքային լրատվամիջոցը՝ թերթը: Եթե հնարավոր լինի, կխնդրենք ՀՀ սփյուռքի նախարարին Տոմսկ գործուղել մեր ուսուցիչներին վերապատրաստող մասնագետների և ձեռնարկել ուսումնական մի ծրագիր, որը կուսուցանվի, որով կառաջնորդվեն:
– Պարո՛ն Մանուկյան, իսկ ի՞նչ հիշարժան միջոցառումներ եք իրականացրել՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի հետ:
– Մեր քաղաքապետը որոշել էր, որ Տոմսկը տարածաշրջանում պետք է դառնա մայրի ծառերի քաղաք: Մենք անմիջապես արձագանքեցինք այդ կոչին, նամակ գրեցինք քաղաքապետին, և մեզ 70 ծառ տրամադրվեց: Մեր երիտասարդները փոսերը փորեցին, միասին տնկեցինք տնկիները, և հենց քաղաքի կենտրոնում՝ հավերժական կրակի մոտ, կյանքի կոչեցինք 70-ամյա հաղթանակի ծառուղին, գողտրիկ պուրակը: Ծառատունկին զուգահեռ նաև սերտիֆիկատներ նվիրեցինք վետերաններին: Ծառատունկին մասնակցում էին այլ ազգությունների ներկայացուցիչներ ևս. բոլորը շատ հուզված էին, արտասվում էին: Այդ սերտիֆիկատները վետերանները կարող են գրել իրենց ժառանգների, թոռների անուններով: Վետերանների տարիքն արդեն 80-90-ից անց է, և բնականաբար, նրանց մահից հետո դրանք կմնան թոռներին, ընտանիքին: Ծառատունկի միջոցառումը ցուցադրվեց հեռուստատեսությամբ, այդ մասին գրվեց մամուլում:
– Ինչո՞ւ հենց մայրի ծառ…
– Այդ ծառերը շատ երկարակյաց են: Տոմսկի մարզը համարվում է մայրի ծառերի մայրաքաղաք: Հաջորդ նախագիծը վերաբերում է կինեմատոգրաֆիային. 2016-ը համարվում է ռուսական կինոյի տարի, իսկ ի՞նչ ռուսական կինո՝ առանց սովետական կինոյի: Որոշել ենք տարբեր ազգություններից ընտրել 1 նշանավոր սցենարիստի, 1 դերասանի, 1 ռեժիսորի, 1 օպերատորի անուններ և նրանց պատվին դարձյալ տնկել մայրի ծառեր: Մայրի ծառեր տնկելու ավանդույթը տարեցտարի ավելի է ամրապնդվում: Մեր նախաձեռնությամբ քաղաքում արդեն տնկվել են 500 այդպիսի ծառեր: Անցյալ տարի լրացավ Ռուսաստանի հայերի միության ստեղծման 15-ամյակը, որի առիթով մենք դարձյալ տնկեցինք 15 մայրի ծառեր:
– Մի խոսքով, Ձեր համայնքը կարելի է անվանել “Кедровая армянская община”… Դե ինչ, հաջողություն եմ մաղթում Տոմսկի հայկական համայնքի հետաքրքիր ու ազգանպաստ բոլոր ծրագրերի իրականացմանը:
Կարինե Ավագյան