Արգենտինայում հայ համայնքի ներկայացուցիչները ԼՂՀ հարցով հանդիպել են երկրի արտգործնախարարին
Ապրիլի 7-ին Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալքորան ընդունել է Արգենտինայում հայկական համայնքի պատվիրակությանը, որի կազմում էին Արգենինայում և Չիլիում Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը, Արգենտինայում հայկական կենտրոնի տնօրեն Ալբերտո Ջերեջյանը, Արգենտինա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Օհանես Բոգիաթզյանը: Նրանք արտգործնախարարին ներկայացրին համայքնի մտահոգությունը՝ ԼՂՀ-ում Ադրբեջանի կիրառած ագրեսիայի և բռնությունների առիթով: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում իր սեփական աղբյուրները:
«Հարձակման նախաձեռնությունը Ադրբեջանինն է եղել, որից տուժել է նաև խաղաղ բնակչությունը: Սա ռազմական խնդիր է, և կապ չունի Ղարաբաղում ապրող մարդկանց հետ, ովքեր տուժում են ռազմական բախումների արդյունքում»,-իր խոսքում ընդգծել է Ալբերտո Ջերեջյանը:
Սուսանա Մալքորան ևս կիսեց իր մտահոգությունը կոնֆլիկտի սրման կապակցությամբ և հույս հայտնեց, որ տարածաշրջանում խաղաղության վերահաստատումը չի ուշանա: