Թո՛ղ որ հայ մայրերն այլևս չսգան իրենց զինվոր-որդիների մահը. սփյուռքահայ կին-ղեկավարներ

 Ապիլի 7-ը  Աստվածամոր հայտնության օրն է՝ Մայրության և գեղեցկության տոնը:

«Հայերն այսօրի» զրուցակիցները Սփյուռքում գործունեություն ծավալող կին-ղեկավարներն են: Նրանք պատմել են Սփյուռքում հայ կնոջ կերպարի, աշխատանքի ընթացքում հանդիպող մարտահրավերների մասին, ինչպես նաև այս դժվար օրերին իրենց սրտի խոսքն ու զորակցությունը հայտնել մեր սիրասուն, աստվածային մայրերին:

1Սվետա Աբրահամյան. (Նիդեռլանդների թագավորության Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ )

 Արդեն 18 տարի լինելով Սփյուռքում` բազմիցս մտածել եմ, թե որպես կին՝ որն է իմ դերը Նիդերլանդների Թագավորությունում, իհարկե, բացի օտար երկրում ընտանիքիս հետ նոր կյանք կառուցելը, օտար մշակույթ ու բարքեր ունեցող մարդկանց հետ կողք-կողքի ապրելու դժվարությունները հաղթահարելը: Հայրենիքում չենք էլ մտածում օտարանալու և ինքնությունը կորցնելու վտանգի մասին: Սփյուռքում բոլորովին այլ են հանգամանքները: Այս թեման դեռևս հեռու անցյալում էլ անհանգստացրել ու հուզել իմ շատ հայրենակիցների: Մեծ է հայ կնոջ, մոր դերը Սփյուռքում, իր ընտանիքում հավատքը, մայրենին, հայկական ավանդությունները, մշակույթն ու սովորությունները պահպանելու գործում՝ առաջինը ինքն իր մեջ կրելով այդ ամենը: Ցավոք, ոչ բոլորն են հետևում այդ արժեքներին ու սկզբունքներին: Կարծում եմ՝ սա համահայկական խնդիր է: Նոր սերունդը աստիճանաբար հեռանում է իր ազգային արմատներից, ստիպված է լինում ապրել օտար հասարակության մեջ՝ անկախ ծնողի ու իր կամքից դառնալով այդ հասարակության անդամ: Այստեղ է, որ համայնքային կառույցներն անցնում են «գործի»:

Այդ կառույցները ստեղծում են մեր այն հայրենակիցները, որոնք մտահոգված են այդ խնդրով՝ իրենց շուրջ հավաքելով երիտասարդ ու մատաղ սերնդին: Ես ևս զբաղված եմ հայապահպանության գործերով: 15 տարի առաջ աղջկաս հետ ստեղծեցի մի փոքրիկ համայնք ու մեկօրյա դպրոց: Հեշտ չէ  օտար երկրում գործունեության համար համապատասխան տարածք ունենալ, բայց մենք այդ հարցը լուծել ենք հենց առաջին օրվանից: Մտքովս չի անցել, որ որպես կին-ղեկավարներ՝ կարող ենք դժվարություն ունենալ, պարզապես սկսել ենք աշխատել՝ թիկունքում ունենալով մեր ամուսիններին: Նույն դժվարությունն ունենում են նաև տղամարդիկ: Նիդերլանդների մյուս համայնքների տղամարդ-ղեկավարների կողմից մեծ հարգանք ու խոնարհում եմ զգում:  Հավատացած եմ, որ կնոջ դերը շատ ավելին է, կինն ունակ է ու կարող է ավելին անել, քան նրանից սպասում են: Ինձ իմ գործունեության մեջ ոգեշնչում է միայն ու միայն սերը իմ հայրենիքի, նախնիների, ընտանիքիս ու հայրենակիցներիս նկատմամբ:

Կարող են հարցնել՝ ինչու՞ իմ երկրում չեմ ապրում: Այդ հարցը ես ինձ հաճախ եմ տալիս: Երկրային կյանքում յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի. իմ առաքելությունն էլ, անկասկած, այն է, ինչով զբաղված եմ Սփյուռքում: Այն հաջողվում է անսպառ համբերատարության, սկզբունքային ու կամային հատկությունների շնորհիվ: Կարծում եմ այս հատկանիշները ոչ միայն կին, այլ նաև տղամարդ-ղեկավարի հաջողության գրավականն է: Մեծ հարգանքով ու ուշադրությամբ վերաբերելով բոլոր նրանց, ում հետ շփվում, աշխատում և համագործակցում ես, անկախ նրա սեռից, շատ դյուրին է դառնում:

Եվ վերջում մի շատ կարևոր բան. այսօր՝ ապրիլի 7-ին նշում ենք Մայրության և գեղեցկության տոնը: Դժվար է խոսել… Ցավակցում եմ այն զինվորների մայրերին, որոնց որդիներն անմահացան վերջին օրերին:

Մաղթանքս է բոլոր հայ մայրերին, որ երջանկությունն ու սերն ապրեն բոլորի սրտերում, էլ ավելի մեծ նվիրումով կատարեն ընտանիքի բարօրության բոլոր աշխատանքները, ծառայեն հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:

Խոնարհվում եմ մերօրյա հերոսներ ծնող մայրերի առջև:

OfelyaՕֆելյա Ծատուրյան (ԱՄՆ Գլենդել քաղաքի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության տնօրեն).

Հայ կնոջ դերն ու կարևորությունը միշտ էլ արժևորվել է մեր իրականության մեջ: ԱՄՆ-ում մի փոքր այլ կերպ է ընկալվում կնոջ դերն  ու զբաղվածությունը ղեկավար պաշտոններում: Սակայն, միևնույնն է, հայ կինը, որտեղ էլ լինի, միշտ մնում է բարձունքի վրա՝ իր հայի տաղանդի և կազմակերպված լինելու շնորհիվ:

 Հայ կինը Սփյուռքում և Հայաստանում միշտ էլ հավատարմորեն կանգնած է իր ընտանիքի կողքին, ցանկացած հարցում սատար է կանգնում իր ամուսնուն:

Մի բան կարող եմ վստահ ասել, ընտանիքի ամրությունն ու խաղաղությունը միմիայն կնոջ ձեռքերում է: Դժվարություններ միշտ էլ կան, միայն դրանք համբերությամբ հաղթահարել է պետք: Սփյուռքում հատկապես մեծ է կնոջ դերը երեխաների դաստիարակության հարցում: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ այստեղ մեր երեխաներին ճիշտ ուղու վրա կանգնեցնենք, նրանց հայեցի դաստիարակություն փոխանեցենք և հայկական ավանդույթներին ծանոթացնենք:

Որքան նկատել եմ Սփյուռքում կին ղեկավարները երբեք խնդրի առջև չեն կանգնել, հասարակության կողմից միշտ էլ սիրված, հարգված են եղել և արժանապատվորեն կատարել իրենց ստահված աշխատանքը: Իմ աշխատանքային ոլորտում հատկապես մեծ է կնոջ դերը. աշխատակազմում հիմնականում կանայք են, և նրանց հետ հեշտ եմ «լեզու գտնում»: Այս տարիների ընթացքում շատ կին գործիչների հետ եմ շփվել, որոնք ինձ համար իրենց աշխատանքով և կերպարով օրինակ են ծառայել: Նրանցից մեկն էլ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է, որից շատ բան եմ սովորել:

Աշխատանքիս մեջ փորձում եմ պարտաճանաչություն, անկեղծություն և ճշմարտախոսություն ցուցաբերել, իսկ աշխատակիցներիս հետ ջերմ հարաբերություններ պահպանել: Կարծում եմ՝ խստությունն ու պահանջկոտությունն անհրաժեշտ պայմաններ են, սակայն միաժամանակ աշխատավայրում քնքշություն և բարություն տարածելը նույնպես կարևոր են:

Մեկամսյակի այս շրջանը շատ քիչ է, որ շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր հղենք մեր սիրելի հայ կանանց: Այն հայ կանանց, որոնք անձնվիրաբար պայքարում են իրենց ընտանիքների բարօրության, զավակներին բարեկեցիկ կյանք պարգևելու համար: Խոնարհվում եմ հերոս ծնող բոլոր մայրերի առջև և նրանց համբերություն մաղթում՝ հատկապես այս օրերին, երբ սասանվում են մեր սահմանները:

Շատ եմ ուզում, որ մեր կանանց, մեր մայերերի աչքերում միշտ ժպիտ և ուրախություն լինի: Եվ եթե հանկարծ նրանց աչքերն արցունքոտվեն, թող որ միայն երջանկության արցունքներ լինեն դրանք: Հոգուս ամենամեծ մաղթանքն է, որ ոչ մի հայ մայր այլևս չսգա իր զինվոր-որդու մահը: Խաղաղություն Ձեր օջախներում, սիրելի՛ մայրեր:

Գևորգ Չիչյան

Scroll Up