Վալենսիան դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչությունը. լուսանկարներ
«Բոլորս Արցախ ենք, բոլորս հայ ենք», «Stop Azerbaiyan», «Ագրամունտ՝ խավիարի սուլթան» և այլ կարգախոսներով երեկ` ապրիլի 5-ին, մոտ 200 հայ և իսպանացի ցուցարարներ հավաքվել էին Վալենսիայի խորհրդարանի առջև՝ իրենց բողոքի խոսքն ուղղելու ընդդեմ Ադրբեջանի ահաբեկիչ քայլերի, պատգամավոր Պեդրո Ագրամունտի անտեղի ու աննպատակ հայտարարությունների և միջազգային հանրության հերթական լռության: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Վալենսիայի «Արարատ» հայկական միությունից:
«Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարանները պետք է դատապարտեն Ադրբեջանի սադրիչ և պայթյունավտանգ գործողությունները և վերջնականապես ճանաչի Արցախի Հանրապետությունը, որն այս էլ 25 տարի է ունի բոլոր պետական կառույցները, այդուհանդերձ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, իսկ նրա բնակչությունն ապրում է հարևան պետության կողմից անընդհատ կրկնվող ահաբեկչության մեջ»,- իր խոսքում ասաց Արարատ հայկական միության անխագահ Արարատ Ղուկասյանը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը այլևս հասցեատիրոջն ուղղել բոլոր դատապարտումները, իմա՝ Ադրբեջանին, քանզի Լեռնային Ղարաբաղը հաղթանակած երկիր է և պատերազմ չի ուզում:
Հետևաբար դժվար չէ կռահել, թե ո՛վ է պատերազմ սանձազերծողը»,- հավելեց նախագահը: Մյուս կողմից, միության երիտասարդական հարցերով փոխնախագահ Սարգիս Բրսոյանը նշեց, որ պետք է հակազդել Ադրբեջանի կողմից ներկայացվող ապատեղեկատվությանը, որ ը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ավելի սրում: «Թուրք-ադրբեջանական ապատեղեկատվությունը միայն մի նպատակ է հետապնդում՝ ներկայացնել Հայաստանը, որպես ագրեսոր երկիր, այն դեպքում, երբ 1994 թվականից ի վեր զինադադարի միակ խախտողը եղել է հենց Ադրբեջանը»,- նշեց Բրսոյանը՝ հավելելով, որ «Պեդրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները կարիք ունեն իրականությանը համապատասխանող տեղեկատվության, որպեսզի անհեթեթություններ դուրս չտան»:
Ցույցին մասնակցում էին Վալենսիայի մարզի գրեթե բոլոր քաղաքներից՝ Կարկախենտ, Մանիսես, Միսլատա, Սիյա, Ալբորայա, Վալենսիա և այլն:
Բողոքի ակցիային մասնակցում էր նաև Իսպանիա-2000 (España-2000) կուսակցությունը՝ նախագահ Խոսե Լուիս Ռոբերտոյի (José Luis Roberto) գլխավորությամբ:
Ակցիային իր աջակցությունն են հայտնել Էլդայի, Մադրիդի, Ալիկանտեի և Բարսելոնայի հայ համայնքները, որտեղ առաջիկա օրերին նույնկես տեղի կունենան նմանատիպ ակցիաներ: