«Սփյուռքն այսօր ունի միայն մեկ մտասևեռում՝ զորակցել Արցախին». Շահան Գանտահարյան

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակողական գործողությունները սասանեցին ոչ միայն մեր սահմանները, այլև փոթորկեցին ողջ Հայկական աշխարհը: Արցախին զորակացելու, արցախցու, Հայոց բանակի զինվորի կողքին կանգնելու կոչեր հնչեցին Հայաստանում և Սփյուռքի տարբեր համայնքներում:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հայերն այսօրի» հետ զրույցում ներկայացրել է  այս օրերին լիբանանահայ համայնքում տիրող մթնոլորտը, ձեռնարկված քայլերն ու անելիքները:

– Պարո´ն Գանտահարյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչը Ադրբեջանին մղեց նման նախահարձակ գործողության:

– Այս օրերի Ադրբեջանի պահվածքը շատ հասկանալի է, հստակ է նաև ադրբեջանական ագրեսիայի բուն պատճառը: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ Անդրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան: Ադրբեջանը նման տարողության քայլ առանց իր «ավագ եղբոր» ցուցմունքի՝ չէր ձեռնարկի: Սա փաստ է. հիմնական օժանդակությունները՝ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական, զինվորական՝ նա ստանում է իր դաշնակցից՝ Թուրքիայից:

Թուրքիայում, բոլորս ենք տեղյակ, թե ինչ խճճված իրավիճակ է տիրում: Ներքին, արտաքին բազմաթիվ մարտահրավերների պատճառով Անկարան շատ նեղ կացության մեջ է հայտնվել: Ու Ադրբեջանն իր այս քայլով փորձում է աշխարհաքաղաքական որոշ ուժերի ուշադրությունը շեղել Թուրքիայից:

Սակայն, կարծում եմ՝ ի վերջո միջազգային կառույցներին կհաջողվի զինադադար պարտադրել Ադրբեջանին:

Այստեղ պետք է նկատի ունենանք նաև հայկական կողմի պաշտպանվածությունը և համարժեք, նույնիսկ առավել ցավոտ պատասխաններ հասցնող քայլերը, որոնք կօգնեն հակառակորդին խաղաղություն պարտադրել:

– Լիբանանահայ համայնքում ի՞նչ մթնոլորտ է տիրում  այս օրերին, երբ ոտքի է ելել ողջ Հայկական աշխարհը:

– Լիբանանում ամենուրեք միևնույն զորակցական տրամադրությունն է: Քաղաքակական կուսակցություններն արդեն իրենց պաշտոնական դիրքորոշումն են հայտնել՝ դատապարելով ադրբեջանական ագրեսիան: Միաժամանակ իրենց ողջ կարողությամբ և պատրաստակամությամբ զորակցություն են հայտնել մեր երկու Հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի իշխանություններին, իրենց ողջ ուժը ներդնելու՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ և անսասան պահպանելու առաջնային աշխատանքներում:

Իրենց բողոքի և զորակցության ձայնն են բարձրացրել նաև տարբեր կուսակցությունների երիտասարդական միությունները: Այսօր՝ ապրիլի 6-ին,   Բուրջ Համուդի հրապարակում ՀՅԴ երիտասարդական թևի նախաձեռնությամբ կայանալու է Արցախի ժողովրդին և իշխանություններին զորակցություն հայտնող երիտասարդական հավաք, որտեղ, համոզված եմ, երիտասարդների կողմից կհնչեն նաև կոչեր՝ այս դժվար պահին մեր ժողովրդի կողքին կանգնելու:

Նաև տեղյակ եք, որ հոգևոր առաջնորդների կողմից հայկական եկեղեցիներում զորակցության, զոհված հայ զինվորների և անմեղ քաղաքացիների հոգու հանգստության համար աղոթքներ և հոգեհանգստյան արարողություններ տեղի ունեցան: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր զորակցությունն է փոխանցել, որին հետևեց նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի հայտարարությունը:

Լիբանանահայ համայնքը աչալուրջ հետևում է իրադարձությունների զարգացմանը: Մենք ևս արտակարգ ռեժիմով ենք աշխատում, յուրաքանչյուր 5 րոպեն մեկ թարմ հրապարակումներ ենք ներկայացնում՝ հենվելով  Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարությունների տարածած մամուլի հաղորդագրությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների հրապարակած պաշտոնական հայտարարությունների վրա:

Համայնքը տեղեկացված է և րոպեառրոպե հետևում է իրադարձություններին:

Շուտով նաև աշխատանք ենք սկսելու օտարերկրյա դեսպանությունների հետ, որպեսզի վերջիններս իրազեկվեն օբյեկտիվ վերլուծականներով, հասկանան թե ինչ է իրականում կատարվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում, և որն է մեր պահանջը, որպեսզի իրենց երկրները սանձեն Ադբրբեջանի քայլերը:

Խոսելու ենք ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ, հուշագրեր ենք հանձնելու: Այսինքն՝ դիվանագիտական, քաղաքական, ներազգային, հոգևոր, տեղեկատվական ամբողջական աշխատանքի մեջ ենք, որի նպատակը, անշուշտ, մեր արցախահայությանը զորակցելն է:

– Պարո´ն Գանտահարյան, ինչպիսի՞ն է արաբական մամուլի արձագանքը Արցախում ծավալված դեպքերի շուրջ:

– Արաբական մամուլի արձագանքը միանշանակ չէ: Ցավոք, համաշխարհային լրատվության ընդհանուր միտումները ճիշտ չեն և որոշակի առումով նաև՝ ադրբեջանամետ են: Այս հարցում մենք որոշակի բացթողում ունենք, որը ազդում է նաև Արաբական աշխարհի վրա: Մենք պետք է նաև շատ զգույշ լինենք, որպեսզի կրոնական հանգամանքը չշահարկվի:

Այդ պատճառով երեկ արդեն Հայ դատի հանձնախումբը Արցախ է գործուղել համաարաբական կարևոր հեռուստաընկերություններից մեկի՝ MTV-ի լրագրողական խումբը, որին կցված է նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը, որպեսզի տեղում հետևեն դեպքերի և իրադարձությունների զարգացմանը:

MTV Արաբական աշխարհում մեծ լսարան ունեցող հեռուստաընկերություն է: Այս քայլով փորձում ենք ոչ միայն հակակշռել  հակառակորդի ապատեղեկատվական նկրտումները, այլև ճիշտ ուղղորդել լրատվությունը, որի առանցքը պետք է լինի միջազգային իրավունքին համահունչ՝ ազգային ինքնորոշման իրավունքով ձևավորված և կայացած, հանրաքվեով որոշված Արցախի ժողովրդի անկախ ապրելու իրավունքը:

– Պարո´ն Գանտահարյան, դուք նշեցիք, որ տեղեկատվական առումով որոշ բացթողումներ ունենք: Հետևաբար ի՞նչ պետք է անենք այդ դաշտում մենք՝ Սփյուռքի և Հայաստանի լրագրողներս:

– Այսօր մենք նաև տեղեկատվական պատերազմի մեջ ենք, որն ընթանում է նույնքան թեժությամբ, որքան ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված պատերազմն է: Եվ այստեղ մենք առավելություն ենք գրանցել: Այս օրերին հայկական լրատվամիջոցները համարյա չընկան հակառակորդի ապատեղեկատվական ծուղակը:

Միաժամանակ մենք՝ իբրև հայկական լրատվամիջոցներ, բացառապես պետք է օգտնվենք ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների պաշտոնական լրահոսից: Այստեղ սխալվելը թույլատրելի չէ, նույնքան  զգոնություն է պետք նաև հայկական տեղեկադաշտվի սահմանների պահպանության առումով:

Մենք պետք է միջազգային լրատվամիջոցների շատ ակտիվ մշտադիտարկում անենք, որպեսզի հակադարձենք ադրբեջանամետ միակողմանի, խեղաթյուրող տեղեկություններին: Եվ ոչ միայն ճշտենք, այլև իրականությանը համապատասխանող լուրեր սփռենք:

Մենք մի փոքր բացթողում ունենք միջազգային լրահոսի վրա ազդելու առումով և այս ուղղությամբ պետք է շատ ավելի ակտիվ աշխատենք:

Եթե Ադբրբեջանը հղում է կատարում տարածքային ամբողջականությունը շեշտող միջազգային տարբեր կազմակերպությունների սկզբունքներին, մենք պետք է ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմերին հղում կատարենք: Եվ շեշտենք, որ զավթիչ Բաքվի թիկունքում կանգնած Թուրքիան արդեն հայտնվել է նեղ իրավիճակում և փորձում է տարբեր ճակատներ օգտագործելով՝ աշխարհաքաղաքական ուժերի ուշադրությունը շեղել:

Համոզված ենք, որ այս փորձությունն էլ կհաղթահարենք: Փորձը ցույց է տալիս, որ երբ միավորվում է ողջ հայկական աշխարհը, մենք միշտ հաղթում ենք: Եվ միավորման բոլոր նախադրյալներն ունենք՝  պատմական այս հանգրվանում ևս հաղթանակ գրանցելու:

Աստված տա, որ խաղաղությունը շուտ վերահաստատվի, բայց այդ խաղաղության հաստատման պարտադրանքի մեջ կարևոր է հզոր լինելը:

– Պարո´ն Գանտահարյան, ԼՂՀ կառավարությունը աջակցության կոչ է հղել համայն հայությանը: Ինչպիսի՞ն են կոչի լիբանանյան արձագանքները:

– Կոչը, միանշանակ, զորակցական տրամադրություններով ընկալվեց: Այստեղ բոլորն են պատրաստ տեղեկատվական, դիավանագիտական, քաղաքական, մարդասիրական աջակցություն ցուցաբերել և ընդառաջ գնալ Արցախի իշխանություններին: Արցախին օգնելու ցանկությունը Լիբանանում բոլորին է վարակել: Եվ շատ բան կախված է բախումների տևողությունից: Յուրաքանչյուր հանգրվան ունի իր պահանջներն ու առաջնահերթությունները:

Չմոռանանք, որ լիբանանահայ համայնքն առաջիններից էր, որ Արցախյան ազատամարտի օրերին արցախցու կողքին էր, պատերազմի դաշտում: Մենք ունեցել ենք և՛ վիրավորներ, և՛ զոհեր: Լիբանանահայն այսօր էլ պատրաստ է զենք վերցնել՝ հանուն Արցախի անկախության:

– Պարո´ն Գանտահարյան, եթե չեմ սխալվում, Ձեր աղջկա՝ Սանանի ամուսինը նույնպես Արցախում է:

– Այսօր Սփյուռքից շատերն են Արցախի կողքին: Բազմաթիվ կամավորներ են մեկնել Արցախ, որոնք փորձում են օգտակար լինել Արցախի պետությանն ու ժողովրդին: Աղջկաս ամուսինը, նրա զարմիկը, նույնպես այդ կամավորների շարքում: Թեև լրատվական աշխատանքով, սակայն փորձում են օժանդակել այն բոլոր աշխատանքերին, ինչի կարիքն այսօր Արցախը ունի:

– Պարո´ն Գանտահարյան, այսօր ամենուր մեր միասնականության, հերոսական ոգու մասին է խոսվուվ: Հետաքրքիր է, Դուք ի՞նչ եք «տեսնում»:

– Ամենուր զգում եմ համազգային զարթոնք, որովհետև ամեն խնդիր մղվել է երկրորդ պլան: Բոլոր միություններն ու կուսակցությունները հիմա ունեն միայն մեկ մտասևեռում՝ զորակցել, միանալ և իրենց պատարաստակամությունը հայտնել արցախահայությանը:

Արցախը բոլորիս հայրենիքն է: Հայրենիքի պաշտպանությունը ամենանվիրական, ամենառաջնային և սուրբ գործն է բոլորիս համար:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up