Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդների համար

Շարունակվում է «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հայտերի ընդունումը: Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մրցույթը հայտարարել են «Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը» եւ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը»:

Նպատակն է՝ խթանել ժամանակակից հայ ֆիլմարվեստը, աջակցել երիտասարդ սցենարիստներին եւ ռեժիսորներին: Հայաստանի եւ Սփյուռքի 18-28 տարեկան հեղինակները պետք է ներկայացնեն նախկինում չհրապարակված աշխատանքներ:

Առաջին փուլում ժյուրին կընտրի լավագույն 7 սցենարները: Այնուհետեւ հեղինակներից յուրաքանչյուրին կտրվի 350 հազար դրամ՝ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ 7-ից 10 րոպեանոց ֆիլմեր նկարահանելու համար:

Ի դեպ, հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիկի 25-ն է:

Ժյուրիի անդամ Դավիթ Մուրադյանն ասել է, որ «Հայրերի հող» խորագրով ֆիլմերի համար ժանրային սահմանափակում չկա, միակ չափանիշը՝ գեղարվեստական արժեքն ու տաղանդն է:

«25 տարին արժեւորելու, անկախ հայրենիք ունենալու, գեղարվեստական ընկալումն արտացոլելու առիթը պիտի տանք երիտասարդներին՝ մեր մտքում ունենալով այն համոզումը, որ մեզ կհաջողվի նոր անուններ բացահայտել՝ առիթ տալու նրանց ստեղծագործելու եւ ինչո՞ւ չէ նաեւ հետագայում շատ ավելի լուրջ կինոհայտ ներկայացնելու եւ իրենց վավերական հետքը թողնելու հայ կինոյում»,- yerkirmedia.am-ի փոխանցմամբ՝ ասաց  «Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի» նախագահ Լիլիթ Գալստյանը։

Scroll Up