Հայուհու պատրաստած անակնկալ ընթրիքը ՀՀ Նախագահի համար

Երեկ երեկոյան Ուոթերթաունի Սբ. Ջեյմս եկեղեցուն կից սրահը վերափոխվել էր էլեգանտ ռեստորանի, որտեղ հյուրընկալվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և 70 հյուրեր: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, գրում է Boston Globe-ը:

Ընթրիքի ավագ խոհարարը հայուհի Սեդա Դաքեսյանն էր՝ Բելմոնթ քաղաքում «Սեդայի սրճարան»-ի տիրուհին, իսկ հրուշակագործուհի Ջենիֆեր Մադենը՝ ընթրիքի անուշեղենի պատասխանատուն: Պատվավոր հյուրերի համար նա հայկական փոքրիկ անուշեղեններ էր պատրաստել:

Հյուրերին գրավեցին հատկապես Սեդա Դաքեսյանի պատրաստած փխրուն գլանակները՝ լցոնած քունջութի սերմերով, որի բաղադրատոմսը Սեդան սովորել է հանգուցյալ հորից: Վերջինս 25 տարի Ուորչեսթեր քաղաքում հացաբուլկեղենի խանութ է ունեցել:

Հարյուրավոր մարդիկ սպասում էին ՀՀ Նախագահի ելույթին եկեղեցուն կից սրահում, ուստի հայուհու «անակնկալ ընթրիքը» պատրաստվեց ու մատուցվեց գերարագ տեմպով: «Ես կարողացա անել դա»,-ասաց հայուհին ընթրիքի վերջում:

Scroll Up