ԼՂ հակամարտության ստատուս քվոն հաղթահարելու համար կողմերը պիտի քաղաքական կամք ցուցաբերեն. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում կարևոր է երկու կողմերի պատրաստակամությունը։ Այս մասին, ըստ Tert.am-ի,  ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության երեք ամիսներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը։

Վերջինս նշեց, որ ԵԱՀԿ-ի ավանդական կիզակետը ցանկացած նախագահության ընթացքում տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը նպաստելն է։

Քիսլերն ասաց, որ նախորդ նախագահության ժամանակ հիմնական շեշտը դրվել էր ուկրաինական հակամարտության վրա, ու այն կշարունակի իր կարևոր հիմնական դերը, տեղը ունենալ նաև Գերմանիայի նախագահության ներքո։

Դեսպանի հավաստմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ կարևոր, հատուկ հետաքրքրվածություն է ներկայացնում իրենց համար։

«Միանշանակ, մենք ասել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, երեք համանախագահները միակ ձևաչափն են ԼՂ հակամարտության կարգավորման, կողմերի բանակցությունների համար։ Նշել ենք, որ սահմանին առկա լարվածության մեղմացումը շարունակում է մնալ մեր հիմնական նպատակը։ Ցավոք սրտի, շփման գծի երկայնքով լարվածություն ստեղծող գործողությունները շարունակվում են։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՄԽ համանախագահներին՝ զինադադարի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու գործում։ Սա կարևոր է մեզ համար»,- նշեց Մաթիաս Քիսլերը։

Ըստ նրա՝ իրենք շարունակում են աշխատել դեսպան Անդրեյ Կասպրչիկի հետ, նշանակել են նոր դեսպան Հարավային Կովկասում, ով Հայաստան կայցելի հաջորդ ամիս։

«Երբ խոսքը ԼՂ մասին է, համոզված ենք, որ հակամարտող կողմերի պատրաստակամությունը կարևոր է նպատակներին հասնելու համար։ Սկզբունքները ՄԽ շուրջ համաձայնեցվել են, բայց որ ստատուս քվոն հաղթահարվի բոլոր կողմերից էլ քաղաքական կամք է պետք, որը պետք է վայելի նաև ժողովրդի աջակցությունը, երկու կողմերը պիտի հրաժարվեն սադրիչ հայտարարություններից, ոչ պակաս կարևորեն են ժողովուրդների միջև անմիջական շփումները»,- շեշտեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ կառույցին առհասարակ, դեսպանն ասաց, որ ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության հիմնական հենասյուներից է և ապացուցել է իր արժեքը ուկրաինական ճգնաժամի ժամանակ։

Scroll Up