Ֆրանսահայ բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար վիրահատություններ

Ընթացիկ տարվա մարտի 27-ին Արցախ ժամանած ֆրանսահայ բժիշկները, որոնց կազմում ըդնգրկված են ուրոլոգ, պլաստիկ վիրաբույժ, օրթոպեդ, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մինչև մարտի 30-ը իրականացնում են հիվանդների անվճար ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություն և վիրահատություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսահայ բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Հայ մեդ» կազմակերպության նախագահ Հովհաննես Հեքերյանը նշել է, որ արդեն 27 տարի է, որ այցելում են Արցախ և համագործակցում գործընկերների հետ:
«Տարիներ առաջ սկսած համագործակցությունը ոչ միայն շարունակում ենք, այլև նոր ծրագրեր ենք ստեղծում ու իրականացնում, ըստ որի ձգտում ենք անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցել մեր հայրենակիցներին: Ունենք բարերարներ, ովքեր մեզ օգնում են ծրագրերի իրագործման համար: Մշտապես կապի մեջ ենք Արցախի բժիշկների հետ և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերում ձգտում ենք ընդգրկել նաև ֆրանսիացի առաջատար մասնագետների, որպեսզի նրանք այցելեն, տեսնեն Արցախը, տեղի կյանքը, տեղեկություններ ունենան Արցախի մասին, հատկապես այն առումով, որ այստեղ խաղաղություն է: Այս անգամ եկել ենք 7 հոգով` նպատակ ունենալով մեր գործընկերների հետ կիսելու բուժման և վիրահատությունների առաջատար, ժամանակակից փորձը: Բացի այդ, արդեն իրականացրել ենք 150 հիվանդի հետազոտություն, 18 հիվանդի վիրահատել ենք և դեռ 25-30 հիվանդ էլ պետք է վիրահատվեն»,-ասել է Հովհ. Հեքերյանը` հավելելով, որ տեղի մասնագիտական և տեխնիկական ներուժի հնարավորությունները լրիվությամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին և թույլ են տալիս աշխատել ըստ պատշաճին:
«Արցախի մասնագետները տաղանդաշատ են, միայն թե պետք է կամաց-կամաց փոխել բժշկական ծառայությունների մատուցման խորհրդային որոշ մոտեցումներ, որովհետև կան բուժումներ, որոնք այդ պարագայում բավականին թանկ են արժենում, իսկ ժամանակակից փորձի կիրառումը մատչելի կդարձնի այդ ծառայությունները»,-նշել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հեքերյանը:
Անդրադառնալով հիվանդությունների հետազոտության արդյունքներին` մասնագետը նկատել է, որ ըստ այդմ կարելի է հետևություն անել, որ ի տարբերություն եվրոպական երկրների, մասնավորապես շաքարախտի հիվանդությունն Արցախում շատ քիչ տարածում ունի, որովհետև տեղի սնունդն ավելի որակյալ ու էկոլոգիապես մաքուր է:
Հովհաննես Հեքերյանի խոսքով` առկա են նաև հիվանդություններ, որոնց կանխարգելումն առավել նպատակահարմար է` համակարգային մոտեցմամբ: Մասնավորապես տարածված ինֆարկտների ու ինսուլտների թիվը շատ կնվազի, եթե հասարակական վայրերում խստիվ արգելվի ծխելը: