Քուվեյթի ֆինասավորմամբ վերականգնվել է Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել տարեցների խնամքի եւ վերականգնման Երեւանի թիվ 1տուն-ինտերնատի նոր մասնաշենքի բացմանը: Այն կառուցվել է Քուվեյթի Պետության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Կառավարության ղեկավարը շրջել է մասնաշենքով, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ տարեցների համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Մասնաշենքն ամբողջությամբ համալրվելու է անհրաժեշտ սարքավորումներով, ստեղծվելու են շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի եւ բժշկական օգնության ծառայությունների պատշաճ իրականացման պայմաններ: Միաժամանակ մասնաշենքում հնարավորություն կլինի սպասարկել 72 անկողնային հիվանդի:
Վարչապետը բարձր է գնահատել ինտերնատի մասնաշենքի կառուցմանն աջակցելու քուվեյթյան կողմի նախաձեռնությունը եւ համոզմունք հայտնել, որ նման ծրագրերը կնպաստեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Վարչապետը կարեւորել է Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարարի այցը մեր երկիր՝ ավելացնելով, որ նման փոխայցելությունները հնարավորություն են տալիս քննարկելու հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: