Չինաստանում հայկական համայնքի նոր ղեկավարը Մհեր Սահակյանն է

Մարտի 6-ին Չինաստանի հայկական համայնքում տեղի ունեցան ընտրություններ, որի արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց համայնքի նախագահ: Մհեր Սահակյանը գիտական հետազոտություն է կատարում Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի հայ համայնքից:

Նա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժնի շրջանավարտ է: Գերազանցության դիպլոմով ավարտել է ԳԱԱ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Սովորել է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում, Իրանի Իմամ Խոմեյնու համալսարանում, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնում: Ծառայել է ՀՀ Զինված ուժերի Հատուկ նշանակության գնդում, պարգևատրվել է <<Բանակի գերազանցիկ>>, <<Քաջարի մարտիկ>> կրծքանշաններով, պատվոգրով: Հիմնադրել է Չինաստանի Հայկական ուսանողական միությունը, մինչև 2016թ.-ն զբաղեցրել է Չինաստանի հայկական համայնքի արտաքին կապերի գծով փոխնախագահի պաշտոնը: 2015թ. ապրիլին ղեկավարել է Նանջինգում անցկացված Ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումների կազմակերպչական կոմիտեն: Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության վերաբերյալ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է:

Իր խոսքում Մհեր Սահակյանը կոչ է արել Չինաստանի հայկական համայնքին շարունակել ամրապնդել համայնքի միասնականությունը, հանդես գալ նախաձեռնություններով, ակտիվորեն մասնակցել համայնքի կյանքին, օգնել միմյանց, պահպանել Հայոց լեզուն և ազգային գաղափարները:

Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնել համայնքի առաջին նախագահ Հենրի Արսլանյանին՝ նշելով. <<Հենրի Արսլանյանը անմնացորդ նվիրվածությամբ է կատարել իր ազգանվեր առաքելությունը։ Նա հիմնադրեց Համայնքի Գործադիր կոմիտեն և առաջինն էր, ով արձագանքում էր համայնքի առջև ծառացած մարտահրավերներին։ Չինաստանի հայկական համայնքում Հենրին ձևավորեց ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտը, որը պետք է պահպանել>>:

Չինաստանի հայկական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական է Չինաստանում բնակվող հայերին միավորելը, հեռավոր արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար հատկացված կրթաթոշակը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ <<Գուլբենկյան>> հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը և այլն:

Scroll Up