Իտալացի լրագրողուհի. Հրանտ Դինքն ինձ սովորեցրել է չվախենալ ճշմարտությունն ասելուց

Լրագրողները պիտի իրերն իրենց անունով կոչեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է իտալացի լրագրողուհի Աննա Մացցոնեն, որը  2016-ին խոսքի ազատության Հրանտ Դինք մրցանակի դափնեկիր է: Բոլոր լրագրողներն իրենց հոգու խորքում նման են Հրանտին. աղավնիներ են, որոնք չեն ուզում թեւերը ծալել, հավելել է նա:

Մրցանակը հանձնվել է Հռոմում` մարտի 1-ին, մրցանակակիրներն են Աննա Մացցոնեն    (Panorama, Radio Rai, ֆրիլանսեր) եւ Ֆրանկա Ջանսոլդատին (Il Messaggero):

«Ես շատ զգացված եւ շնորհակալ եմ այնպիսի ճանաչման համար, ինչպիսին  2016-ի Հրանտ Դինք մրցանակն է: Ես կյանքում անձամբ չեմ ճանաչել Հրանտ Դինքին, գիտեի միայն հոդվածներով: Ես նրան ճանաչեցի  2007  թվականի հունվարի 19-ի այն սեւ օրվանից հետո, երբ նա սպանվեց Ստամբուլի կենտրոնում: Նրա հիշողությունն ապրում էր հուղարկավորության օրը փողոցները ողողած ամբոխի մեջ, մարդկանց ձայներում, թե ինչպես էին միաձայն արդար հատուցում պահանջում նրա սպանության դիմաց: Ես նրան ճանաչեցի նրա դստեր աչքերում, որը նույնքան գեղեցիկ է եւ արժանապատիվ, որքան նա, նրանց ճանաչեցի իր բարեկամների խոսքերում:   Այդ մարդիկ հատուկ տեղ են գրավում իմ կյանքում. նրանց շնորհիվ ես շարունակում եմ իրոք սիրել Թուրքիան: Երբ իմացա, որ Հռոմի հայկական համայնքի խորհուրդը որոշել է ի հիշատակ Հրանտի ինձ մրցանակով պարգեւատրել, չկարողացա արցունքներս զսպել: Ես շատ շնորհակալ եմ, չնայած ոչինչ չեմ արել նման մեծ պատվի արժանանալու համար: Այժմ իմ առջեւ իմ պատասխանատվության ուղին է:  Ես պիտի փորձեմ ճանաչման արժանանալ` ամբողջ կյանքում չմոռանալով, թե ինձ ինչ է սովորեցրել Հրանտը. երբեք չվախենալ ճշմարտությունն ասել եւ իրերը կոչել իրենց անուններով: Այն, ինչ հայերի հետ տեղի է ունեցել  1915-ին, ոչ պոգրոմ էր, ոչ ջարդ, ոչ էլ զանգվածային սպանություններ: Դա ցեղասպանություն էր: Պարզ ճշմարտոթյուն է», – հայտնել է Աննա Մացցոնեն:

2015-ից ի վեր Ղարաբաղի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումներից հետո լրագրողուհին Ադրբեջանի սեւ ցուցակում է հայտնվել:  «Ադրբեջանական վարչակարգի ձեւակերպմամբ, ես անօրինականորեն եմ ներթափանցել Լեռնային Ղարաբաղ: Բայց դա ճիշտ չէ: Ես ԼՂՀ եմ մեկնել միակ բաց սահմանով` ֆիլմ նկարահանելու մոռացված պատերազմի մասին, որը մինչեւ հիմա կյանքեր է խլում եւ ցավ է բերում», – պատմել է նա:

Ֆիլմը ցուցադրվել է  SKY TG24 հեռուստաալիքով եւ մեծ հաջողություն է ունեցել: Դրա մի հատված կարելի է տեսնել Youtube-ում` Nagorno Karabakh, la guerra dimenticata («Լեռնային Ղարաբաղ, մոռացված պատերազմ») անվանումով:

«Կարծում եմ` այդ աշխատանքի հանդեպ ուշադրությունը դիտողների ցանկության մասին է վկայում` ավելի լավ ճանաչել այն, ինչի մասին սովորաբար չեն խոսում», – հավելել է լրագրողուհին:

Scroll Up