Պատանի երկրապահները հանդիսավոր երդում են տվել Ծիծեռնակաբերդի բարձունքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/af312761-117e-4823-8013-8adb84693de4.jpg)
Արդեն 8-րդ տարին անընդմեջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, տեղի է ունենում պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն:
Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի պատանի երկրապահները երդվել են Ծիծեռնակաբերդի բարձունքում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Այս օրը խորհրդանշանական օր է: Երկրապահ կամավորականների միությունը մեր երկրի համար դարձել է հպարտություն: Հպարտություն ենք ապրում, սպարապետի ծառայության արդյունքն է նրա երիտասարդ զավակը՝ հայկական բանակը: Այն, ունենալով ազգային ավանդույթները, երկրապահների, ազատամարտիկների, մեր զինծառայողների գործունեությամբ շաղախված հաղթանակները, ապահովում է հայ ժողովրդի արարումը: Դուք երդվում եք ամեն ինչ անել, որ ձեզնից յուրաքանչյուրի բոլոր կարողությունները օգրագործվեն Հայոց բանակի համար»,- միջոցառմանն իր ելույթում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Միջոցառումից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակին:
Նշենք, որ Ծիծառնակաբերդում 5 հազարից ավելի պատանի երկրապահ երդվեց: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարբեր մարզերում նույնպես տեղի են ունեցել երդման արարողություններ: Միջոցառումներին մասնակցած պատանի երկրապահների ընդհանուր թիվը 20 հազար է: