Ֆրանսիական հայտնի նվագախումբը Խոջալուի հորինված ջարդերի զոհերին նվիրված ստեղծագործություն է ներկայացնում

Ֆրանսիական հանրածանոթ «Լամուրեո» սիմֆոնիկ նվագախումբը Շանզ՚ելիզեի թատրոնի իր նոր համերգի հայտագրում ընդգրկել է այսպես կոչված «Խոջալուի ջարդերի զոհերին» նվիրված Պիեր Թիլուայի հորինած «Խոջալու 613» գործը: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով «Նոր Յառաջ» պարբերականին:

Այս առիթով Թիլուայի մտերիմ բարեկամ, իր հայամետ դիրքորոշումով հայտնի փիլիսոփա, գրող Միշել Օնֆրեն հայտարարել է, որ ներկա չի գտնվի համերգին, ինչպես նախապես ծանուցվել էր հայտագրում:

«Nouvelles d’Arménie Magazine»-ի հետ զրույցում Միշել Օնֆրեն, պատասխանելով Արա Թորանյանի հարցին, ասել է, թե անցյալ հուլիսին իր երգահան բարեկամ Պիեր Թիլուայի հրավերով Բաքու էր գնացել: Իսկ այն հարցին, թե այդ այցելությունն ինչ տպավորություն է թողել, Օնֆրեն պատասխանել է. «Սիրում եմ հարգել բարեկամության սկզբունքները և չեմ ուզում մանրամասներ հաղորդել: Բայց մեծ անհանգստություն եմ զգում»։

Հիմա ավելի հստակ է դառնում, թե որտեղից է գալիս այդ անհանգստությունը, եզրակացնում է «Նոր Յառաջ»-ը:

Scroll Up