Լոս Անջելեսի Իրանահայ միության` Սիրիահայության օժանդակության արշավին նվիրված Ճաշկերույթը շոշափելի արդյունք արձանագրեց

Փետրվար 21-ին, հետ միջօրեի ժամը 2-8ը կազմակերպված սիրիահայությանը նվիրված թելեթոնին Իրանահայ միության ներկայացուցիչները նախորդ օրվա` Փետրվարի 20-ի ճաշկերույթից գոյացած գումարի արդյունքը ներկայացրին թելեթոնի եթերով: Ցուցադրվեց նաեւ երեկոյից նկարահանված կարճ տեսաերիզ: Երեկեյից գոցացել էր 42,000 դոլար, 10,000 դոլար կրթական ֆոնդից եւ աճուրդի դրված մի նկարից` 10,000 դոլար:
Շաբաթ, Փետրվարի 20-ին, երեկոյան ժամը 7-ին, Իրանահայ միության շքեղ սրահում, Լուդովիկա եւ դոկ. Հակոբ Այնթապլյանների հյուրընկալությամբ ըմբոշխնեցինք մի բացառիկ երեկո` նվիրված վտանգված սիրիահայ մեր քույրերին եւ եղբայրներին: Լոս Անջելեսի Իրանահայ միության հրավերին ընդառաջել էին մեծ թվով հայորդիներ, սպառվել էին տոմսերը շատ արագությամբ եւ ինչպես ընդունված է ասել` sold out էր հայտարարված, մեծ թվով հայորդիների դիմումը մերժվել էր, որի համար ԻՀՄ պատասխանատուները հրապարակավ ներողություն էին խնդրել դիմողներից:
Ոգեւորիչ էր սրահում ցոլացող ոգին. ներկա էին ավելի քան 400 հայորդիներ բոլոր խավերից, քաղաքական դեմքեր, միությունների, մամլո ներկայացուցիչներ, մեծ թվով Իրանահայ միության անդամներ, վարչականներ եւ միությանս բաժանմունքների նախագահներ եւ արվեստագետներ: Ծաղիկներով, գինիով եւ համադամ խորտիկներով զարդարված կլոր սեղանների շուրջ համախմբված հասարակության սրտերը բաբախում էին միասնական մեկ զարկով` մեր սիրիահայ քույրերի ու եղբայների օգնության մտահոգությամբ:
Հայտագիրը սկսվեց Սուրեն Մկրտչյանի կողմից ԱՄՆ-ի եւ Հայաստանի օրհներգերի կատարմամբ: Ապա Միության նախագահ Հովիկ Գապիկյանը ողջունեց ներկաների խուռներամ մասնակցությունը սույն նպատակասլաց արշավին, որ հոգեպես ու նյութապես թիկունք է կանգնել մեր վտանգված սիրիահայությանը:
Օրվա հանդիսավարն էր խնամակալ մարմնի խորհրդատու Թոմիկ Ալեքսանյանը: Նա ոգեւորիչ հպարտությամբ ակնարկ նետելով Իրանահայ միության անցյալի ու ներկայի քայլ առ քայլ զարգացող գործունեության դաշտին, մեկնաբանեց օրվա խորհուրդը` սիրիահայության շտապ օգնության անհրաժեշտությունը` այն ամեն մի հայի պարտքը համարելով, ու նաեւ շեշտեց, որ ԻՀՄ-ն` գիտակ իր պարտականության, աշխատում է անշեղ, հանուն հայապահպանման եւ ազգային վերելքի, բայց միշտ հայացքը ուղղված է դեպի հայրենիք: Ալեքսանյանը հանգամանորեն նեկայացրեց պաշտոնական հրավիրյալներին` Հայաստանի Հանրապետության հյուպատոս Վալերի Մկրտումյանին, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, հայկական տարբեր կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչներին եւ ծանոթ ազգայիններին:
Օրվա հյուրընկալ բարերար դոկ. Հակոբ Այնթապլյանը լուսապատկերների ոլորտներով ներկայացրեց Ցեղասպանության եւ վերապրող տարագիր հայության հակիրճ պատմականը, որոնց մեծ մասը ապաստան էին գտել Հալեպում: Նա ինքը` իբրեւ սիրիահայ, կոչ ուղղեց մասնակցելու դրամահավաքի արշավին: Այս առիթով, ի նպաստ սիրիահայ ուսումնատենչ դպրոցականների, նա հիմնել է առանձին մի ֆոնդ եւ այդ նպատակի իրագործման համար կատարեց 10,000 դոլարի նվիրատվություն:
Միջոցառման գլխավոր բանախոսն էր ԻՀՄ խնամակալ մարմնի նախագահ Արսեն Դանիելյանը: Նրա ելույթը տպավորիչ էր եւ բովանդակալից, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել մի քանի պարբերություններ իր խոսքից.
«Լոս Անջելեսի Իրանահայ միությունը, սիրելի բարեկամներ, այս քաղաքում ստեղծել է ազնիվ ավանդույթներ, որոնք իբրեւ հարկատու առվակներ թափվում են ամբողջական հայության կենսատու գետի մեջ, ոռոգում են թե՛ այս գաղութի դաշտերը եւ թե հասնում այնտեղ, ուր կարիք է զգացվում: 60 տարի առաջ, Լոս Անջելեսում հիմնադրված այս միությունը ունի խոր արմատներ, որոնք երկարում են Պարսկաստանից մինչեւ այստեղ, մինչեւ Մայր Հայաստան, այսինքն` հայկական բոլոր օջախների մայրն է: Իրանահայ միությունը ծառայում է մեր մշակույթին, պահպանում ու աճեցնում է այն, որպեսզի մեր նոր սերունդները հաղորդակից լինեն մեր պատմության ու մշակույթին: Իսկ մեր պատմությունն ու մշակույթը կերտվում են նաեւ այսօր, հայության ամեն մի բնագավառում` Հայաստանից մինչեւ Ավստրալիա ու Լոս Անջելես: Այսօրվա մեր պատմության էջերում արձանագրվում են նաեւ տխուր ու մութ էջեր, որոնցից է Սիրիայի հայության ու մասնավորաբար Հալեպի մեր հայրենակիցների ամենօրյա ողբերգությունը:
Հալեպն ու ընդհանրապես Սիրիայի մեր գաղութը հայկական աշխարհում կերտել են փառավոր պատմություն, չենք կարող ընդունել, որ պատմական մի գաղութ ամբողջովին փոշիանա, նրանից մնա միայն մի հպարտառիթ պատմություն»:
Երեկոյի մթնոլորտը փոխվեց գրական ու գեղարվեստական ելույթներով, որոնք բաձրորակ էին ու տրամադրություն արթնացնող: Արվեստագիտուհի Նունե Ավետիսյանը ինչպես միշտ պատրաստել էր օրվա շունչը արտացոլող դրվագներ, նա ասմունքեց իր ամբողջ էությամբ: Սիրված երգիչ Անդրեն հայրենիքի ոգին ու բուրմունքը սփռեց հանդիսասրահում իր արվեսատագետի յուրահատուկ հմայքով, ապա Ռազմիկ Մանսուրյանը իր հնչեղ ձայնով երգեց «Մայրս» ստեղծագործությունը: Ելույթ ունեցան նաեւ երգչուհի Մելիսա Զաքարյանը եւ երգիչ Սուրեն Մկրտչյանը, որոնք կատարողական արվեստի սքանչելի երանգներով մեկնաբանեցին օտար լեզվով արիաներ: Հաճելի էր նաեւ երիտասարդ դաշնակահարուհի Ալին Մելիք-Ադամյանի արհեստավարժ ելույթը. նա ներկաներին հմայեց իր նվագով, հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո հանդես եկավ երկրորդ կատարմամբ:
Գեղարվեստական բաժնի համադրումը ամենայն բծախնդրությամբ վերահասու էր եղել ԻՀՄ-ի գեղարվեստական բաժնի նախագահ, երաժիշտ ու խմբավար Ալեք Բազուկյանին:
Ելույթ ունեցան Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը եւ Սիրիահայության օժանդակության միացյալ մարմնի ներկայացուցիչ (SARF) Ռաֆի Քենտիրճյանը, որոնք բարձր գնահատելով ԻՀՄ-ի նախաձեռնած սույն միջոցառումը, հորդորեցին ներկաներին ակտիվորեն մասնակցել թելեթոնին: Խոսք առավ նաեւ Հայաստանի Հանրապետության Լոս Անջելեսի ավագ հյուպատոս Վալերի Մկրտումյանը: Բարձր գնահատելով Իրանահայ միության ազգանվեր գործունեությունը, նա հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը եւս իր հնարավոր բոլոր միջոցներով աջակցում ու հյուրընկալում Է 17 հազար սիրիահայերի` նրանց տրամադրելով ամեն կարգի անհրաժեշտ օժանդակություն:
Վերջում բեմ հրավիրվեց Իրանահայ միության փոխնախագահ Փիթր Տարագջյանը: Նա շնոհակալություն հայտնեց բոլոր արվեստագետներին իրենց սիրահոժար մասնակցության համար ու նաեւ երախտագիտական խոսք ուղղեց միջոցառումը հարստացնող խոսք առնողներին, նվիրատուներին ու նաեւ բոլոր նրանց, որոնք իրենց լուման էին ներդրել ձեռնարկի հաջողության համար:
Անուշ Ալեքսանյան Հովյան
Ասպարեզ