Դերսիմահայ ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան
Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինը և նրա կինը՝ Կարին Գյուլթեքինը, մտադիր են տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Այս նպատակով նրանք հենց այսօր՝ մարտի 2-ին, կդիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարինը, ով Գերմանիայում երեք տարի առաջ մկրտվել և քրիստոնեություն է ընդունել, խոսեց այն մասին, թե ինչու են իրենք նման որոշում կայացրել: «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մեզ կոտորել են, պարտադրել են ընդունել մի կրոն, որը մերը չէ: Մենք չենք ցանկանում ապրել Թուրքիայում: Այստեղից դուրս գալուց հետո Միհրանի հետ դիմելու եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով»,- ասաց նա:
Կարինը պատմեց, թե ինչպես են իրենք մշտապես թիրախավորվել Թուրքիայում: Անգամ այն ժամանակ, երբ իրենք դեռ մուսուլման են եղել, բոլորը մատնացույց են արել՝ ասելով. «Տեսեք, նա հայ է»: Իսկ մկրտությունից հետո նա ստիպված է եղել դուրս գալ այն ռեստորանից, որտեղ աշխատել է շուրջ 15 տարի, քանի որ նրան ասել են, որ «հաց չեն ուտելու «գյավուր»-ի ձեռքից»: «Ո՞րն է տարբերությունը՝ դու մուսուլման ես, իսկ ես՝ հայ: Չեմ ցանկանում ապրել մի կյանք, որն ինձ պարտադրում են: Ուզում եմ փրկվել այս ամենից»,- մեծ հուզմունքով նշեց Կարինը: Կարինն ու Միհրանը երկու որդի ունեն, ովքեր ողջունում են ծնողների՝ Հայաստան տեղափոխվելու որոշումը: «Երկու որդիներս էլ մկրտված են: Նրանցից մեկն այժմ սովորում է Գերմանիայում, իսկ մյուսը լրագրող է: Երկուսն էլ զանգահարում են ինձ և մշտապես ասում. «Մայրիկ, արա այն, ինչ ուզում ես: Մի վախեցիր»: Ես վերջապես որոշել եմ անել այդ քայլը»,- ասաց Կարինը: Նախօրեին նա իր ընտանիքի անդամների հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան: Տպավորությունների մասին Կարինը դժվարացավ խոսել՝ ասելով.
«Ցավն անհնար է ներկայացնել, դրա մասին խոսել: Իհարկե գիտեինք Ցեղասանության մասին, շատ բան էինք կարդացել, տեսել: Մայրս էր պատմել կորոտածների մասին… Ցավը չի մոռացվում: Այն միակ բանն է, որ չի կարող ջնջվել մարդու հիշողությունից»: Թեպետ Կարինը դեռևս հստակ ծրագրեր չունի, թե Հայաստան տեղափոխվելուց հետո ինչով պետք է զբաղվեն այստեղ, սակայն վստահաբար ասում է. «Ես աշխատող մարդ եմ, ինչ գործ լինի, կանեմ»: Ապա ժպտալով հավելում. «Անպայման գալու եմ»: