Հայկական նորաձևության 5900BC ապրանքանիշը ռուսական շուկային է ներկայացրել իր հավաքածուն
Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ստեղծված հայկական «5900BC» ապրանքանիշը փետրվարի 23-26-ը Մոսկվայի CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է իր աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուն։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, մեկ միասնական ապրանքանիշի ներքո ներկայացված հագուստ արտադրող հայկական 8 ձեռնարկությունների այս հավաքածուն Collection Premiere Moscow ցուցահանդեսին ներկայացված է «Winter charm» («Ձմեռային հմայք») խորագրի ներքո: Մոսկովյան CPM ցուցահանդեսում սպասվող ավելի քան 17 000 այցելուների մեծամասնությունը կազմելու են նորաձև հագուստի արտադրության և վաճառքի ոլորտները ներկայացնող մասնագետներ:
«Կարճ ժամանակամիջոցում ծրագրի աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել. մշակել և ստեղծել է բարձրորակ հագուստի երեք հավաքածու, որոնք ներկայացվել են տարբեր միջազգային ցուցահանդեսներում, ձեռք են բերվել գործնական կապեր ռուսական նորաձևության խոշորագույն արտադրողների և իրացնողների հետ: Ապրանքանիշն արդեն մրցունակ է, որի մասին վկայում են միջազգային խոշոր ցանցերի առաջարկները՝ արտադրանքի արտահանման վերաբերյալ»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։
Նախորդ ցուցահանդեսների արդյունքում հայկական ապրանքանիշի մի շարք նմուշներ ձեռք բերելու նպատակով բանակցություններ են ընթանում 8 միջազգային խոշոր կազմակերպությունների և առևտրային ցանցերի հետ։ Քննարկվում են տասնյակ արտադրատեսակների արտահանման պատվերներ, որոնց արժեքները գերազանցում են մի քանի միլիոն դոլարը։ «5900 BC» ապրանքանիշն ստեղծվել է հայ և իտալացի փորձագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի շնորհիվ, UNIDO-ի աջակցությամբ։
Ապրանքանիշի անվանումը խորհրդանշական է՝ պայմանավորված աշխարհում գտածո ամենահին հագուստներից մեկով, 5900 տարի առաջ ստեղծված շրջազգեստով, որը հայտնաբերվել է Հայաստանի Արենի համայնքում։