Հայոց ցեղասպանության մասին հարցը` Բունդեսթագի փետրվարի 25-ին նիստում

Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման եւ քննարկման համար նախատեսված է 45 րոպե: Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, ի՞նչ փաստաթուղթ է շրջանառվում: Գերմանիայի Բունդեսթագի  «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրն այս հարցերի շուրջ բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուր»-ին:

Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, արդյո՞ք ի արդարացում Կանաչների կուսակցության կընդունվի նոր փաստաթուղթ: Կլինի՞ քվեարկություն, թե՞ ոչ, ի՞նչ է ակնկալում հայամետ բանաձեւի ընդունմանը մշտապես ձեռնամուխ լինող քաղաքական ուժի ղեկավարը:

«Ռադիոլուր»- ի հետ բացառիկ զրույցում Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը մանրամասնում է՝ խոսքը գնում է ոչ թե պարզապես հիշատակման արարողության, այլ՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի ներկայացման եւ դրա շուրջ քննարկման մասին:

Առաջին ընթերցման թեմա է «Կանաչների» հայտարարությունը, որում 1915-ի իրադարձությունները հստակ ձեւակերպվում են որպես Ցեղասպանություն: «Հուսով եմ` մեզ ՝ ընդդիմությանն ու կառավարությանը կհաջողվի խորհրդարանում ընդհանուր հայտարարի գալ  100 տարի առաջ իրագործված Ցեղասպանության վերաբերյալ: Դա շատ կարեւոր ազդակ կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին` այն իրագործողների իրավահաջորդների համար: Պետք է առաջին հերթին շեշտել` դա Ցեղասպանություն էր, երկրորդ` Գերմանիան դրան մեղսակից էր, երրորդ` մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայ-թուրքական սահմանը բացվի»։

Կանաչների կուսակցությունը ձեռնամուխ է եղել, որպեսզի քննարկմանն անմիջապես հաջորդի քվեարկությունը: «Սակայն դեռ հարց է, արդյո՞ք իշխող կոալիցիայում ունեն այդպիսի տրամադրություն: Եթե ոչ, հինգշաբթի տեղի կունենա միայն քննարկում եւ ոչ քվեարկություն: Այդ դեպքում բանաձեւը կրկին կուղարկվի հանձնաժողովներ` քննարկման, որտեղ դրան նույն ճակատագիրն է սպասում, ինչ 2015-ի ապրիլի 24-ին ներկայացվածին` երկար «դրված մնալ», քանի որ կոալիցիան  հետաքրքրված չէ թեմայի վերաբարձրացմամբ»,- մանրամասնում է Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը:

Որքանո՞վ է հավանական պրոհայկական բանաձեւի ընդունումը: Զրուցակիցս նախ հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության մասին պաշտոնապես արդեն խոսել է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Հիմա երկրի կառավարությունը ցանկանում է հարցը կրկին «գորգի տակ գլորել»` քաղաքական շահերից ելնելով: «Կարծում եմ` դա նրանց չի հաջողվի: Անգամ եթե, մեր ցանկությանը հակառակ, ընդդիմության եւ իշխանության մեկ միասնական բանաձեւ չլինի, միեւնույն է` վստահ եմ` զեկուցողները կկիսեն Կանաչների հիմնավորումներն ու տեսակետերը»:

Հիշեցնենք, որ 2015-ի ապրիլի 24-ին գերմանական խորհրդարանում բուռն քննարկում ծավալվեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը պարունակող բանաձեւի շուրջ: Եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին 1915-ի իրադարձությունները Գենոցիդ որակեց Գերմանիայի նախագահը: Դրան հաջորդեց խորհրդարանական քննարկումը, որի ժամանակ «ձախերն» ու «կանաչները» հանդես եկան խիստ հայանպաստ դիրքորոշումներով, մինչ իշխող կուսակցությունը չեզոք ձեւակերպումները նախընտրեց:

Բունդեսթագն ամիսներ շարունակ պատրաստում էր այս հարցով բանաձեւի մեկ ամբողջական տարբերակ, որը եւ պետք է դրվեր քվեարկության: Օզդեմիրի տեղեկացմամբ` բանաձեւի քիչ թե շատ հստակեցված նախագիծն էլ, սակայն, ցավոք, կոալիցիայի ղեկավարության կողմից սառեցվել է: Բացի այդ` դրանում քողարկված, ոչ հստակ ձեւակերպում է տրվում Ցեղասպանությանը, թեեւ այն լրացված է երկրի նախագահ Գաուկի խոսքից  մեջբերմամբ ու կանաչների զեկույցից փոքրաթիվ կետերով: «Ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառները, Էրդողանի գործոնը եւ փախստականների ներկա խնդիրը կոալիցիայի համար խաղում են ավելի կարեւոր դեր, քան համատեղ ճանաչումը»,- հայտարարում է Ջեմ Օզդեմիրը:

Իսկ առաջիկա քննարկմանը` փետրվարի 25-ին, Կանաչները ներկայացնում են բանաձեւի նախագիծ` կրկին Ցեղասպանության եզրի կիրառմամբ: «Կարծում եմ` կառավարությանը դժվար կլինի երկար դիմադրել: Հայկական կողմն էլ պետք է ավելի ակտիվ աշխատի` նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին ավելի հաճախ բարձրաձայնելով: Եթե սեփական խղճին հետեւեն՝ մեր բանաձեւը մեծամասնության կողմից կընդունվի: Այս ապրիլի 24-ին եւս Գերմանիայում լինելու են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու եմ ես անձամբ` իմ կուսակիցների եւ առաջադեմ հասարակության ներկայացուցիչների հետ»։

Scroll Up