Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի ամրացման աշխատանքները սկսվել են

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը վերջին հինգ տարիներին աշխատում է այսպես ասած անիվների վրա.  վթարային վիճակում գտնվող շենքը հանդիսատես չի  ընդունում, սակայն  ներկայացումները, բեմադրություններն  ու  հյուրախաղերը շարունակվում են:

Թատրոնի գեղավերստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը վստահեցնում է, որ այս տարեվերջին արդեն թատրոնը նոր շենքով ու նոր ներկայացումներով թատերասեր հասարակության առջև կբացի իր դռները:

«Մշակույթի նախարարությունը շենքի ամրացման համար փոխանցել է  65 հազար լարի: Այս պահին մասնագետները  փորձում են պարզել, թե  բեմի տակ գտնվող  նկուղում ինչու է հաճախ ջուր հավաքվում և արդյոք այն կարող է հետագայում եվս կրկնվել:   Դրանից հետո նոր  պատրաստ կլինի նախգիծը, որի հիման վրա արդեն ապրիլից կսկսվեն ամրացման բուն աշխատանքները»:

Թատրոնի ամրացումը տեղի կունենա երեք փուլով.  առաջին հերթին կամրացվի շենքը, այնուհետև հանդերձարաններն ու ճեմասրահը:

«Շենքի ամրցման գործընթացին  զուգահեռ մենք սպասում ենք, որ Հայաստանի իշխանություններն էլ կլուծեն   լուսային և ձայնային համակարգերի արդիականացման ու վերազինման հարցը. նախագահը մեզ խոսատացել է և  այդ հարցով մենք կդիմենք»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Արմեն Բայանդուրյանը:

Այս տարի  վերաբացված թատրոնում սեփական տանիքի տակ մեծ շուքով կնշվի նաև  հոբելյանական  160-րդ թատերաշրջանի մեկնարկը:  Անցած հինգ տարիներին ավելի քան հարյուր ներկայցմամբ թատրոնի դերասանները հանդես են եկել ինչպես Թբիլիսիի տարբեր թատրոններում, այնպես էլ  Վրաստանի տարբեր շրջաններում ու   Հայաստանում:  Ունեցել են  մոտ   30  պրեմիերա,  որոնց  սակայն թատրոնի հանդիսատեսը դեռ ծանոթ չէ:

Այս տարվա բոլոր հյուրախաղերը նվիրված են  թատրոնի 160- ամյա հոբեյանին:  Ամռանը հայկական թատրոնը կմասնակցի  Նոդար Դումբաձեի անվան  թատերական փառատոնին`  «մեղադրական եզրակացություն» ներկայացմամբ, որը ստեղծվել է  Դումբաձեի համանուն պիեսի հիման վրա:

«Որոշել ենք ներկայացումը խաղալ վրացերեն լեզվով: Թատրոնի  160 տարվա պատմության մեջ դեռևս  նման դեպք չի եղել. նույն ներկայացումը կպատրաստեք նաև հայերենով»:

Թբիլիսիի հայկական թատրոնի  գեղարվեստական ղեկավարը համոզված է`  շենքի վերանորոգումից հետո ադամյանցիների  ստեղծագործական ոգին ավելի բարձր կլինի.

«Հանդիսատեսը մի քիչ էլ թող սպասի. . մենք ուզում ենք վերաբացելով թատրոնը  կայուն հանդիսատես ձեռք բերենք »:

Scroll Up