Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի ամրացման աշխատանքները սկսվել են

Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը վերջին հինգ տարիներին աշխատում է այսպես ասած անիվների վրա. վթարային վիճակում գտնվող շենքը հանդիսատես չի ընդունում, սակայն ներկայացումները, բեմադրություններն ու հյուրախաղերը շարունակվում են:
Թատրոնի գեղավերստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը վստահեցնում է, որ այս տարեվերջին արդեն թատրոնը նոր շենքով ու նոր ներկայացումներով թատերասեր հասարակության առջև կբացի իր դռները:
«Մշակույթի նախարարությունը շենքի ամրացման համար փոխանցել է 65 հազար լարի: Այս պահին մասնագետները փորձում են պարզել, թե բեմի տակ գտնվող նկուղում ինչու է հաճախ ջուր հավաքվում և արդյոք այն կարող է հետագայում եվս կրկնվել: Դրանից հետո նոր պատրաստ կլինի նախգիծը, որի հիման վրա արդեն ապրիլից կսկսվեն ամրացման բուն աշխատանքները»:
Թատրոնի ամրացումը տեղի կունենա երեք փուլով. առաջին հերթին կամրացվի շենքը, այնուհետև հանդերձարաններն ու ճեմասրահը:
«Շենքի ամրցման գործընթացին զուգահեռ մենք սպասում ենք, որ Հայաստանի իշխանություններն էլ կլուծեն լուսային և ձայնային համակարգերի արդիականացման ու վերազինման հարցը. նախագահը մեզ խոսատացել է և այդ հարցով մենք կդիմենք»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Արմեն Բայանդուրյանը:
Այս տարի վերաբացված թատրոնում սեփական տանիքի տակ մեծ շուքով կնշվի նաև հոբելյանական 160-րդ թատերաշրջանի մեկնարկը: Անցած հինգ տարիներին ավելի քան հարյուր ներկայցմամբ թատրոնի դերասանները հանդես են եկել ինչպես Թբիլիսիի տարբեր թատրոններում, այնպես էլ Վրաստանի տարբեր շրջաններում ու Հայաստանում: Ունեցել են մոտ 30 պրեմիերա, որոնց սակայն թատրոնի հանդիսատեսը դեռ ծանոթ չէ:
Այս տարվա բոլոր հյուրախաղերը նվիրված են թատրոնի 160- ամյա հոբեյանին: Ամռանը հայկական թատրոնը կմասնակցի Նոդար Դումբաձեի անվան թատերական փառատոնին` «մեղադրական եզրակացություն» ներկայացմամբ, որը ստեղծվել է Դումբաձեի համանուն պիեսի հիման վրա:
«Որոշել ենք ներկայացումը խաղալ վրացերեն լեզվով: Թատրոնի 160 տարվա պատմության մեջ դեռևս նման դեպք չի եղել. նույն ներկայացումը կպատրաստեք նաև հայերենով»:
Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը համոզված է` շենքի վերանորոգումից հետո ադամյանցիների ստեղծագործական ոգին ավելի բարձր կլինի.
«Հանդիսատեսը մի քիչ էլ թող սպասի. . մենք ուզում ենք վերաբացելով թատրոնը կայուն հանդիսատես ձեռք բերենք »: