Սիրիան այն երկիրն է, որտեղ հայկական համայնքն ամենաշատ ազատությունն է վայելել. Հակոբ Միքայելյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Սիրիան-այն-երկիրն-է-որտեղ-հայկական-համայնքն-ամենաշատ-ազատությունն-է-վայելել.-Հակոբ-Միքայելյան.jpg)
Արաբական երկրներից Սիրիան այն երկիրն է, որտեղ հայկական համայնքն ամենաշատ ազատությունն է վայելել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց հրապարակախոս, վերլուծաբան Հակոբ Միքայելյանը Երևանում Սոցիալ – դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կազմակերպած «Սիրիայի համակարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով խորհրդաժողին:
«Կյանքիս 70 տարիներն ապրել եմ Սիրիայում, բառիս ուղիղ իմաստով վայելել եմ Սիրիա պետության հոգատարությունը: Մինչև պատերազմը, հայկական համայնքի բոլոր 12 վարժարաններն օրինավոր կերպով գործում էին: Գործում էին բոլոր եկեղեցիները, ակումբները, միությունները: Այդ բոլորը մեզ համար շատ հաճելի էր, բայց` ոչ թուրքերի համար: Ինչպես 1915 թվականին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված իրավիճակից, Թուրքիան հայ ժողովրդին տեղահանեց ու ջարդեց, այս պատերազմին էլ նա ծայրահեղ զինյալների շարքում գտավ գործընկերներ և ավերեց այն, ինչը հայկական էր»,-ասաց Հակոբ Միքայելյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ վերլուծաբանի, սիրիական պատերազմով իրականում աշխարհաքաղաքական լուրջ հարցեր են կարգավորվում: Ինչո՞ւ Սիրիան դարձավ իրադարձությունների կիզակետը: Հարցին ի պատասխան, Հակոբ Միքայելյանը մատնանշեց ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերը:
«Երբ սկսվեց արաբական գարունը, ասվում էր` Սիրիային չմոտենաք, այն նման չէ այլ երկրներին, Սիրիան Միջին Արևելքի բանալին է: Սիրիան օր օրի զարգանում էր Իսրայելի քթի տակ, իսկ դա վերջինիս հաճելի չէր: Սիրիայի այս դժոխային վիճակը կազմակերպված էր Իսրայելի ու ԱՄՆ-ի գործակցությամբ` ներքաշելով մյուս պետություններին: Դրանից բացի, Սիրիան համագործակցության սլաքն ավելի շատ Ռուսաստանի ու Իրանի կողմն էր ուղղում, որի պատճառով էլ դարձել էր ԱՄՆ-ի աչքի փուշը»,-ասաց Հակոբ Միքայելյանը:
Նրա կարևոր համարեց ռուսական օդուժի աջակցությունը, որի շնորհիվ սիրիական բանակը վերջին շրջանում լուրջ հաջողությունների հասավ: